Հրաբուխի դրական հետևանքները. Գիտնականները ցնծում են

10:55 • 24.04.10

Իսլանդիայի հրաբուխի մոխրի հետևանքով մի շարք օդանավակայանների գործունեության դադարեցումը հնարավորություն ընձեռեց գիտնականներին ստանալ հստակ տվյալներ օդանավակայանների գործունեության բացասական ազդեցության մասին։ Այս մասին հաղորդում է Корреспондент.net-ը։

Լոնդոնի Թագավորական քոլեջի շրջակա միջավայրի հետազոտողների խումբը պարզել է, որ բրիտանական Heathrow և Gatwick օդանավակայանների մոտ օդի աղտոտվածությունը զգալիորեն նվազել է թռիչքները դադարեցնելուց հետո երեք օրվա ընթացքում։ Երեք օրվա մեջ NO2 և NOx նյութերի մակարդակը գրեթե զրոյացել է։

Ըստ մասնագետների՝ օդանավակայանների գործունեության հետևանքով ազոտային աղտոտող նման նյութերը առաջացնում են շնչառական խնդիրներ տարեցների և սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցողների մոտ և արևային լույսի ազդեցության ներքո կարող են վերածվել ավելի վնասաբեր նյութի՝ օզոնի, որը յուրատեսակ մառախուղ է առաջացնում։

«Մենք միշտ լիովին համոզված ենք եղել, որ այդ մառախուղը «օդանավակայանների էֆեկտն է», բայց մենք դա ապացուցելու հնարավորություն երբեք չենք ունեցել։ Օդանավակայանների աշխատանքի դադարեցումը հնարավորություն տվեց անցկացնել հետազոտություններ, և մենք ստացանք համոզիչ ապացույցներ, որ դա հենց այդպես է»,- մեկնաբանել է հետազոտության հեղինակներից մեկը։