Ford-ը վտանգավոր նստատեղերի պատճառով 33 հազ. մեքենա հետ կկանչի
Ford Motor Co ընկերությունը հետ կկանչի 2010թ. արտադրության մի քանի մոդելների 33 256 մեքենաներ այն պատճառով, որ առջևի նստատեղերի թեքման մեխանիզմը ուղևորներին կարող է վնասվածքներ պատճառել վթարի դեպքում։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ մասին ընկերությունը տեղեկացրել է ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության վարչությանը։
Ford-ը նաև նշել է, որ առայժմ տեղեկություններ չունի մեխանիզմի անսարքության հետևանքով պատճառված վնասվածքների մասին։
Նշենք, որ այս ամենը վերաբերում է 2010թ. որոշ Ford Fusion-ներին, Mercury Milan սեդաններին, որոնք արտադրվել են դեկտեմբերի 11-ից մինչև փետրվարի 3-ը Մեքսիկայում, ինչպես նաև Ford Explorer և Mercury Mountaineer ջիփերին, որոնք արտադրվել են դեկտեմբերի 15-ից մինչև փետրվարի 3-ը Կենտուկի նահանգում։










