ՄԱԳԱՏԷ-ն ՀԱԷԿ-ի անվտանգության մասին լռում է

19:02 • 27.04.10

ՄԱԳԱՏԷ-ն ժամանակ առ ժամանակ Հայաստան է գործուղում տարբեր մասնագիտական խմբեր, որոնք գնահատում են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգությունը, ինչպես նաև մասնագիտական աջակցություն են ցուցաբերում կայանի աշխատակիցներին: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) տեխնիկական համագործակցության բաժանմունքի ծրագրային կառավարման համակարգող Անդրեյ Չուպովը:

Նա, սակայն, զերծ մնաց ՀԱԷԿ-ի տեխնիկական անվտանգության վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց` նշելով, որ մասնագետ չէ:

«Կան լայն շրջանակների հարցեր, որոնք պետք է լուծվեն: Կա հիմնախնդիրների ցանկ, որին պետք է լուծում տրվի` համապատասխան ատոմային անվտանգության նորմերի, որոնք մշակվում և հաստատվում են ՄԱԳԱՏԷ-ի կողմից»,- նշեց մասնագետը:

Չուպովը նաև տեղեկացրեց, որ ՀԱԷԿ-ի տեխնիկական անվտանգության վերաբերյալ ավելի մանրամասն քննարկումներ կծավալվեն մայիսին Երևանում գումարվելիք նիստում: Դրան կմասնակցեն, այսպես կոչված, տեխնիկական դոնորները, որոնք կգնահատեն կատարված աշխատանքը, կարձանագրեն բացթողումները և ֆինանսավորման հարցեր կբարձրացնեն: Ակնկալվում է, որ նիստին կմասնակցեն դոնոր կազմակերպություններ Չեխիայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից: