«Աշխարհն առանց պատերազմի»՝ երեխաների պատկերացմամբ

17:10 • 28.04.10

Երևանի «Մոսկվայի տանը» բացվել է մանկական նկարների միջազգային ցուցահանդես՝ «Աշխարհն առանց պատերազմի» խորագրով։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի առթիվ։ Խաղաղության մասին իրենց պատկերացումները ներկայացրել են Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի դպրոցականները։

«Մոսկվայի տան» ցուցասրահը հեղեղված էր գունեղ նկարներով, որոնց վրա պատկերված էին ոչ միայն համերաշխության խորհրդանիշները՝ աղավնին, արևը, այլև իրենք՝ երեխաները, նրանց ընտանիքները, ընկերները։

Ցուցահանդեսին ներկայացված նկարներն ընտրել է ժյուրին, որի կազմում էին նկարիչներ Անատոլի Ավետյանը, Նիկոլ Աղաբաբյանն ու Հասմիկ Մուրադյանը։

Tert.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում «ՌոսՍոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար, Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը կարևորեց նմանօրինակ միջոցառումների անցկացումը։

«Արդեն ավանդույթ է դարձել նշել կարևոր տարեթվերը ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների գեղանկարչական աշխատանքների ցուցադրությամբ»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ, Կրիվոպուսկովը նշեց, որ երեխաներն ունեն խաղաղության և պատերազմի մասին յուրահատուկ պատկերացում։ «Այս աշխատանքները վկայում են, որ դպրոցականներն ունեն մանկական, բայց և լավ ձևավորված պատմական հիշողություն»,- հավելեց նա։ Կրիվոպուսկովը տեղեկացրեց, որ Հայաստանում կանցկացվեն շուրջ 54 տարբեր միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին։