Գիտության հատկացումները չեն փոշիացվում, փոշին Իսլանդիայում է. Ռադիկ Մարտիրոսյան

13:37 • 28.04.10

ՀՀ գիտությունների ազգային ակադեմայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսում հակադարձեց որոշ գիտնականների այն պնդումներին, թե ոլորտի գումարները փոշիացվում են, և կատակեց. «Փոշի որ չկա, ի՞նչը պետք է փոշիացվի: Փոշին Իսլանդիայում է և ծածկել է ամբողջ Եվրոպայի երկինքը: Մենք չունենք փոշի»:

Ավելի լուրջ պատասխանելով հարցին՝ ԳԱԱ նախագահը նշեց, որ համակարգի ֆինանսավորումը չնչին է, «փոշիացում էլ որ լինի, էլ ի՞նչ կմնա»:

Համեմատություն անցկացնելով եվրոպական երկրների գիտական հաստատությունների հետ` Մարտիրոսյանը նշեց, որ իր դիտարկումները ցույց են տվել` եվրոպական գիտական ինստիտուտները 100 անգամ ավելի շատ ֆինանսավորում են ստանում, քան Հայաստանինը: Եվրոպայում մեկ գիտնականին տարեկան հատկացվող ֆինանսավորումը կազմում է 200 հազ., իսկ Հայաստանում ընդամենը 2 հազ. եվրո: Սակայն հայ գիտնականի տված արտադրանքը ընդամենը երկու անգամ է զիջում եվրոպական նշված ինստիտուտների արտադրանքին:

«Լավ կլիներ, որ ոչ թե 100 անգամ, այլ գոնե 10 անգամ պակաս լիներ մեր ֆինանսավորումը, արդիականացվեր մեր հետազոտական բազան, ոլորտում սերնդափոխություն ապահովվեր»,- նշեց նա:

ԳԱԱ նախագահը նաև դժգոհեց, որ Հայաստանում գիտական հետազոտությունները տնտեսության մեջ չեն կիրառվում: Միաժամանակ, նա արդարացրեց հայ տնտեսվարողներին` նշելով, որ պատճառը հայկական շուկայի փոքր լինելն է:

«Մարդիկ չեն կարող ռիսկի դիմել և գումարներ վճարել գիտնականի արտադրանքը գնելու համար: Իհարկե, նրանք հետագայում այդ գումարները ետ կստանան, սակայն հայկական շուկան իր մեջ ռիսկեր է պարունակում»,- ընդգծեց Մարտիրոսյանը` միակ հույսը կապելով արտերկրի շուկայի հետ: