Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի սեզոնները

12:05 • 29.04.10

Հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում մայիսի 3-5-ը Վրաստանում կմեկնարկեն Հայ մշակույթի սեզոնները: Այդ կապակցությամբ Թբիլիսի կմեկնի պատվիրակություն` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը, պատվիրակության կազմում են Հայաստանի երիտասարդական պետական նվագախումբը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, «Արամ Խաչատրյան» քառյակը, երաժշտության բնագավառում ՀՀ Նախագահի 2009 թ. երիտասարդ մրցանակակիրները, Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զ. Սարգսյանը /կներկայացնի «Հայաստանի պատմամշակութային հուշարձանները» ցուցադրությունը/, նկարչուհի, դիզայներ Ա. Պետրոսյանը /կբացվի անհատական ցուցահանդեսը/:

Վրաստանում Հայաստանի մշակույթի սեզոնների ծրագրում ներկայացումներով հանդես կգան նաև Թբիլիսիի Պ. Ադամյանի, Գ. Սունդուկյանի անվան թատրոները, Շոթա Ռուսթավելու անվան դրամատիկական թատրոնը:

Այդ օրերին կբացվեն նաև անվանի հայ կինոգործիչ Ռ. Մամուլյանի և շախմատիստ Տ. Պետրոսյանի հուշատախտակները: