Սթիվ Ջոբսը բացատրել է, թե ինչու Apple–ը Adobe Flash չի օգտագործում

18:29 • 30.04.10

Apple–ի ղեկավար Սթիվ Ջոբսը քննադատել է Adobe Systems–ի Flash հավելվածը. այն բավարար չափով հարմարեցված չէ բջջային հեռախոսներին։ Բաց նամակում, որը վերնագրված է «Flash-ի շուրջ մտորումներ», Ջոբսը ներկայացնում է Flash-ի տեխնոլոգիաների, անվտանգության համակարգի, «տեխնիկական բացթողումների» հետ կապված գանգատները։ Դրանց պատճառով է, որ Apple–ի iPhone, iPod և iPad արտադրատեսակներում չի օգտագործվում այդ տեխնոլոգիան։

Ջոբսը Flash-ի հիմնական թերությունն է համարում ծրագրային արտադրանքի որակային և համատեղության մակարդակի նվազումը, ինչը, նրա խոսքով, պայմանավորված է սարքն արտադրողների և ծրագրային մշակումներն արած կողմերի միջև «երրորդ կողմի» առկայությամբ։

Երկրորդ թերությունն այն է, որ Adobeը վերահսկում է Flash–ի հետ կապված ամեն ինչ՝ գնից մինչև գործառույթները։

Adobe–ը հրաժարվել է մեկնաբանություններից, սակայն ընկերության գործադիր տնօրեն Շանտանու Նարայանը Wall Street Journal թերթին տված հարցազրույցում ասել է, որ Apple–ն ինքը իր սահմանափակումներով դժվարացնում է հավելվածներ արտադրողների գործը։