Հայաստանը կվերածվի աղետակայուն պետության

11:45 • 04.05.10

ՄԱԿ-ի փորձագետների գնահատականով` տարբեր տեսակի բնական աղետներից հիմնականում տուժում են նոր զարգացող և աղքատ երկրները: Արտակարգ իրավիճակների հետևանքով ամենաշատ մահացության դեպքերը գրանցվում են հենց այդ երկրներում: Ամենաշատ նյութական վնասը կրում են նշված պետությունները, քանի որ նրանք ստիպված իրենց զարգացման համար նախատեսված միջոցները նպատակաուղղում են աղետների հետևանքների վերացմանն ու փոխհատուցմանը:

Աղքատ և զարգացող երկրները չեն կարողանում անհրաժեշտ միջոցներ ներդնել աղետների կանխարգելման գործում, չունեն անհրաժեշտ արձագանքման ուժեր:

Հայաստանը, սակայն, փորձում է աղետների հետևանքների վերացման աշխատանքները փոխարինել աղետների կանխարգելման աշխատանքներով:

Այս մասին այսօր Երևանում կազմակերպված Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի քննարկման ժամանակ նշեցին մասնագետները:

«Այսօր բոլոր բացթողումները հաշվի առնելով` մեր երկիրը դրսևորել է քաղաքական կամք և քայլում է աղետակայուն պետություն ստեղծելու ճանապարհով: Առաջին անգամ մեր երկրում իրականացվում է միասնական քաղաքականություն` արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների նվազեցման ուղղությամբ: Առաջին անգամ դրսևորվում է քաղաքական կամք և հետևողականություն, և այսօր մենք մշակում ենք աղետների ռիսկի նվազեցման նոր համակարգի հիմքերը: Դա կոչվում է ագային պլատֆորմ, որը ենթադրում է բոլոր գերատեսչությունների ուժերի համախմբում»,- լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը:

Քննարկմանը մասնակցում էր նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով նույնպես կարևորեց աղետների կանխարգելման աշխատանքները: «Պարտադիր չէ մի բան լինի, նոր սկսենք մտածել այդ ուղղությամբ: Պետք է երկրում կանխարգելման համակարգ ձևավորենք»,- կոչ արեց նա:

Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանը, որպես աղետի հետևանքների վերացում, մատնանշեց Շիրակի և Լոռու մարզերում 1988թ երկրաշարժից հետո մինչ օրս իրականացվող վերականգնման աշխատանքները: «Աղետի հետևանքները վերցնելն ավելի դժվար է, մինչ օրս աղետի գոտում շինաշխատանքներ են ընթանում»,- ասաց նախարարը:

Հայաստանին ազգային պլատֆորմի մշակման գործում աջակցում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը:

Նշենք, որ Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի մշակմամբ Հայաստանը նաև միջազգային պարտավորություններն է կատարում: 2005թ. Ճապոնիայի Հյոգո քաղաքում մեր երկիրն ի թիվս 168 երկրների նույնպես ստորագրել է գործողությունների ծրագիր, որով պետք է առաջնորդվի մինչև 2015թ.: