21–րդ դարում պատերազմները մղվում են սոցիալական ցանցերում
«Kirlos. նոր ըմպելիքի անվանո՞ւմ, oտար բա՞ռ: Ո՛չ: Սա պարզապես կեղծանուն է, որի տակ թաքնված է Facebook-ի մեկուկես միլիոն օգտահաշիվները գաղտնաբառերով ու լոգիններով գողացած ռուս հակերը»,- այսպիսի հարցադրմամբ է սկսում իր հոդվածը իտալական L՚Occidentale թերթի հոդվածագիր Դանիլո Մոնտեֆյորին:
Տեղեկատվական գողը ռուսական ֆորումում վաճառքի է հանել իր վիրտուալ կողոպուտի արդյունքները $25-ից մինչև $45-ով` կապված փաթեթի մեծությունից ու օգտահաշվի ծավալից: Երևում է` բավական կարճ ժամանակահատվածում Kirlos-ը հասցրել է ավելի քան 700 հազ. օգտահաշիվ վաճառել: Այս դեպքը ոչնչով չի տարբերվում նմանատիպ այլ պատմություններից, սակայն այն հնարավորություն է տալիս հասկանալ ցանցում կիբերհարձակումների որոշակի տեսակների միջև տարբերությունները:
Թվային պատերազմն ու տեղեկատվական հարձակումները հոմանիշներ չեն: Կարելի է խոսել կիբերպատերազմի մասին, եթե մի երկրի բանակը հարձակվում է մեկ ուրիշ երկրի տեղեկատվական համակարգի վրա: Որպես օրինակ` կարելի է հիշել Google-ի պատմությունը Չինաստանում կամ այն դեպքը, երբ ԱՄՆ-ը ցանկանում էր սառեցնել Իրաքի բանկային ցանցը` Սադամ Հուսեյնին «պատին սեղմելու համար»: Փաստացի խոսքը թվային պայքարի ավանդական մեթոդների վերականգնման մասին է: Հետևաբար, կիբերպատերազմը նեղ իմաստով ռազմական գործողությունների ծավալումն է:
Ցանցում պատերազմները վարվում են համատեղ օգտագործման տեղեկատվությանը, ինչպես նաև սոցիալական ցանցերին (ինչպիսին է Facebook-ը) տիրելու նպատակով: Այդ իսկ պատճառով դժվար չէ հասկանալ, որ դրանք անմիջականորեն վերաբերում են մեր առօրյա կյանքին: «Ցանցային պատերազմ» եզրը շրջանառության մեջ է մտցրել Ջոն Արկուիլան 1993թ.: Այն սահմանում է հակամարտության նոր ձև, որը վերաբերում է իրենց արտահայտումը ցանցում գտած սոցիալական կառույցներին: Ցանցային պատերազմը ծավալվում է «ճյուղավորված ցանցում», որը բրգաձև կառուցվածք չունի, տարածքայնորեն զատված է, բնութագրվում է կապի բազմակողմ և փոխարինվող համակարգերով:
Ցանցի խնդիրը ոչ այնքան նրա կառուցվածքն է, որքան որևէ երրորդ անձի կողմից մասնավոր անձանց, ձեռնարկություններին, պետություններին վերաբերող տվյալների զավթումը: Տեղեկատվական ողջ համակարգի անվտանգությունն ապահովել հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով հարկ է հույսը դնել առողջ բանականության և անհատական փորձի վրա` հաշվի առնելով, որ շրջահայացությունն անհրաժեշտ է կոնֆլիկտային յուրաքանչյուր իրադրության ժամանակ:










