Ո՞ւմ է անհանգստացնում ինտերնետային մամուլը

12:58 • 04.05.10

Ինտերնետային մամուլի զարգացմանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձան «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ու «Հայկական ժամանակ» թերթի տնօրեն Աննա Հակոբյանը։

«Հրապարակի» գլխավոր խմբագրի խոսքով, ինտերնետային մամուլի արագ զարգացումը տպագիր մամուլի գոյատևման համար խնդիրներ է ստեղծում։

«Ճիշտն ասած, ես էլ եմ բավականին վատատես, որ տպագիր մամուլը պետք է ժամանակի ընթացքում իր տեղը զիջի կամ ինչ–որ ձևով վերակազմավորվի ինտերնետային մամուլի, որովհետև եթե հիմա ինտերնետային մամուլը շատ քիչ է հասանելի, ապա եթե այդ հասանելիությունը մեծանա, այո, մենք շատ լուրջ պրոբլեմներ կունենանք, և արդեն ունենք այդ պրոբլեմները»,– հայտարարեց Օհանյանն՝ ավելացնելով, որ իրենց թերթի ինտերնետային տարբերակը կարդում են այնքան թվով մարդիկ, որքան թվով վաճառվում է իրենց թերթը։

Ըստ գլխավոր խմբագրի, ինտերնետային մամուլի զարգացումն անհանգստացնող է և այդ համատեքստում տպագիր մամուլը պահելու համար հարկավոր է, որ երկրում զարգանա գովազդային շուկան ու կարգավորվեն մի շարք տնտեսական խնդիրներ։

«Իշխանությունների ջանքերի շնորհիվ գովազդային շուկան այդպես էլ չզարգացավ։ Հեռուստատեսությունները վերցրին այն փոքր հայտարարությունները (վազող տողով), իսկ մեծ գովազդները կառավարվում են իշխանությունների կողմից։ Դրա համար էլ ակնհայտ է, որ 500 տպաքանակով թերթում կա գովազդ, իսկ 8000 տպաքանակ ունեցող թերթում չկա գովազդ։ Դրա համար ազատություն և տնտեսական բավական քայլեր են հարկավոր, որ կարողանանք մրցակից դառնալ ինտերնետային մամուլին և կարողանանք տպագիր լրատվամիջոցը պահել»,– ասաց Արմինե Օհանյանը։

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանն իր հերթին նկատեց, թե ինտերնետային մամուլի զարգացումը աշխարհում վաղուց բավական լուրջ խնդիր է թերթերի համար։

Ինչ վերաբերում է իրենց թերթին, Հակոբյանը նշեց. «Ես առայժմ նման մրցակցություն չեմ զգում։ Տպագիր մամուլն ու ինտերնետային լրատվամիջոցը տարբեր են և դժվար թե մրցակցություն առաջանա»,– ասաց Աննա Հակոբյանը։

Նրա խոսքով, ինտերնետային մամուլն ավելի շատ տեղեկատվություն է հաղորդում և այնքան շատ վերլուծություն չի ներկայացնում, մինչդեռ թերթերում շատ են վերլուծությունները։