Հայ տղամարդիկ դեռ կոմպլեքսավորվում են բժշկի մոտ հետազոտվելուց
1998-99թթ. համեմատ 2008-2009թթ. Հայաստանում ամուսնական զույգերի մոտ գրանցված անպտղության ցուցանիշը գրեթե կրկնակի նվազել է: Այս մասին այսօրվա ասուլիսին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը: Ըստ նրա` եթե 1998-99թթ. իրականացված հետազոտության արդյունքում առաջնային և երկրորդային անպտղության ցուցանիշը կազմել է 31.9 տոկոս, ապա դրանից 10 տարի անց ցուցանիշը կազմել է 16.8 տոկոս:
Ըստ մասնագետի` անպտղության ցուցանիշը նվազել է պետության կողմից իրականացվող ծրագրերի շնորհիվ, մասնավորապես` մեծ աշխատանք է տարվել սեռավարակների կանխարգելման ուղղությամբ:
Ավագյանի խոսքով` այսօր էլ պետությունը խրախուսում է երեխաներ ունեցող ընտանիքներին. ծննդօգնությունն անվճար է, երրորդ երեխան ունենալու դեպքում բոլոր ընտանիքներին անխտիր 400 հազ. դրամ միանվագ օգնություն է հատկացվում:
«Վերջին տարիներին և՛ եվրոպական երկրներում, և՛ Հայաստանում վերարտադրողական վարքագիծը փոփոխության է ենթարկվել: Չգիտես, թե ինչու՝ կանայք 1-2 երեխա են նախընտրում ունենալ: Սա էգոիզմի դրսևորում է, քանի որ կանայք մտածում են սեփական անձի, բայց ոչ իրենց երեխայի մասին, ով պետք է քույր և եղբայր ունենա»,- նշեց մասնագետը` հավելելով, որ յուրաքանչյուր ընտանիք առնվազն 2-3 երեխա պետք է ունենա:
Մարդու վերարտադրության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համաբարձումյանն էլ նշում է, որ Հայաստանում ծնելիության մակարդակը ցածր է հայի մտածելակերպի պատճառով: Ըստ նրա` Հայաստանից ավելի աղքատ երկրներում ծնելիության ցուցանիշն ավելի բարձր է:
«Հայ տղամարդիկ դեռ մնում են կոմպլեքսավորված և չեն գալիս հետազոտության, սակայն խնդիրն աստիճանաբար հաղթահարվում է: Երբեմն նույնիսկ գալիս են ամուսնանալ պատրաստվող տղամարդիկ և նախօրոք ցանկանում հետազոտվել»,- արձանագրեց նա:
Մասնագետները նշեցին, որ անպտղության պատճառներն էնդոկրին խանգարումներն են, սեռավարկները, արգանդի կառուցվածքային խանգարումները: Կան նաև չբացահայտված պատճառներ, երբ հնարավոր չի լինում հայտնաբերել անպտղության պատճառը: Անպտղության շատ ձևեր հաղթահարելի են: Միայն բացարձակ անպտղության դեպքերն են, որ չեն բուժվում որևէ երկրում։Դրանք բարեբախտաբար, չնչին տոկոս են կազմում:










