Արհեստական բեղմնավորումը դեռ 20 տարի էլ մատչելի չի լինի Հայաստանում

15:40 • 06.05.10

Մարդու վերարտադրության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համաբարձումյանը կարծում է, որ առաջիկա 20 տարիներին նույնպես արհեստական բեղմնավորման գները Հայաստանում բոլոր ցանկացողների համար մատչելի չեն լինի:

«Եվրոպական հարուստ երկրներում էլ արհեստական բեղմնավորման կարիք ունեցող բոլոր զույգերի 20 տոկոսն է միայն կարողանում օգտվել այդ ծառայությունից: Աղքատ երկիր համարվող Հայաստանում այս հարցը շուտ չի լուծվի: Մենք ավելի շուտ պետք է մտածենք, թե ինչպես կանխարգելենք այն հիվանդությունները, որոնք անպտղություն են առաջացնում: Առաջին հերթին դրանք ինֆեկցիաներն են»,- այսօրվա ասուլիսում ասաց մասնագետը:

ՀՀ առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյան էլ հիշեցրեց, որ վերարտադրողական թանկարժեք օժանդակ տեխնոլոգիաները չեն մտնում պետպատվերի ցանկում: «Հետագայում անպայման այդ հարցը պետք է լուծվի: Այսօր եթե մարդը դիմում է տարածքային պլիկլինիկաներ, ամբողջովին անվճար բուժօգնություն է ստանում: Հղիների և հետծննդյան շրջանում գտնվող կանանց համար բուժօգնության մատչելիությունն ապահովված է»,- հավատացրեց նա: