Միասնական քննությունները մեկնարկում են հունիսի 1–ին

12:36 • 12.05.10

Միասնական քննություն հանձնելու համար դիմում–հայտերի ընդունման գործընթացն արդեն ավարտվել է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը։

Այսպիսով, այս տարի դիմորդների թիվը կազմել է 17665, անցյալ տարվա 19164–ի դիմաց։ Հավելենք, որ այս ցուցանիշի մեջ ընգրկված են նաև ԼՂՀ–ից դիմորդները։

Մանուկյանը նշեց, որ Երևանում դիմորդների թիվը կազմել է 6160։ Մայրաքաղաքից հետո դիմորդների թվով Շիրակի մարզն է, իսկ դիմորդների ամենափոքր թիվը գրանցվել է Վայոց Ձորում։

Միասնական քննությունները մեկնարկում են հունիսի 1–ին։ Այդ օրը շրջանավարտները կհանձնեն քննություն աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և կենսաբանություն առարկաներից։ Հունիսի 4–ին շրջանավարտները կհանձնեն հայոց լեզու և գրականություն, 8–ին՝ ֆիզիկա, 11–ին՝ օտար լեզու, 15–ին՝ մաթեմատիկա, 19–ին՝ քիմիա և հայոց պատմություն։ Վերջին քննությունը՝ ռուսաց լեզու առարկայից կանցկացվի հունիսի 23–ին։