Մարմնական սիրո, տձև հայրենների ու Քուչակի մասին. Ամենասկանդալային հայ գրողներից մեկի նոր գիրքը

19:04 • 09.06.10

Մեր ցանկությունները թիթեռներ են, որոնք գոյանում են մեր կասկածի որդից… Կարեն Ղարսլյանի «Գրողի ծոց. երեսուն ու ութ տձև հայրեն» նոր մատենաշարից են։ Բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Սիրահարների այգու սրճարանում, որտեղ հավաքվել էին Կարենի ընկերները և բարեկամները։

«Տպագրված բանաստեղծությունների մի մասն անակնկալ չէ։ Կարենն անընդհատ բզբզում է, իհարկե կան փոփոխություններ, նոր գործեր», – ասաց գրող Վիոլետ Գրիգորյանը։

Խոսելով գրքի անվան մասին՝ Գրիգորյանը նկատեց, որ հայրեն բառը միանգամից զուգորդվում է Քուչակի հետ։

«Նա խոսում է սիրո, հատկապես մարմնական սիրո մասին։ Ամբողջ գիրքը լեցուն է սեռական էներգիայով։ Նա փառաբանում և գովերգում է սերը, սիրո վայելքը», – պարզաբանեց գրողը։

Գրիգորյանը նաև նշեց, որ հիշելով Քուչակին՝ Կարենն ամբողջությամբ մնում է ժամանակակից աշխարհում։ «Միջավայրը ինտերնետն է, վիրտուալ աշխարհը։ Կարենը գրում է, որ մարդը սոցալական կենդանի չէ այլևս, այլ ցանցային։ Նա ցանցի մեջ է մտնում և կորում», – նկատեց նա։

Հարկ է նշել, որ ի տարբերություն մյուս հեղինակների, ովքեր նույնպես գրել են մարմնական սիրո մասին, Կարենի պոեզիան՝ իսկապես ներդաշնակ սիրո պատկեր է, այլ ոչ թե զուտ տղամարդու ցանկություն կնոջ հանդեպ։

Չնայած հեղինակի բացակայությանը (նա երկար տարիներ բնակվում է ԱՄՆ–ում), հյուրերը կարողացան շնորհավորել Կարենին՝ կապվելով նրա հետ ինտերնետի միջոցով։

2003թ. լույս տեսած «Х կադր/վայրկյան» գրքի համար Կարեն Ղարսլյանին հանրային հեռուստատեսությունը ճանաչել է տարվա սկանդալային գրող: 2004թ. իր Password վեպի համար արժանացել է ՆՓԱԿ-ի կազմակերպած երիտասարդ արվեստագետների մրցույթի գլխավոր մրցանակին: