«Ոսկե ծիրանի» հաղթողներից մեկը կմասնակցի բրիտանական Encounters կինոփառատոնին

17:55 • 07.07.10

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը հատուկ մրցանակ է սահմանել «Ոսկե ծիրան» 7–րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի` լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգի շրջանակում։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը։

Ըստ նրա՝ հաղթող կինոռեժիսորը Բրիտանական խորհրդի աջակցությամբ իր ֆիլմը կներկայացնի Encounters միջազգային կինոփառատոնին։ Կարճամետրաժ ֆիլմերի հեղինակավոր այս փառատոնն անցկացվելու է Միացյալ Թագավորության Բրիստոլ քաղաքում նոյեմբերի 16-ից - 21-ը։

Encounters միջազգային կինոփառատոնին մասնակցությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում ներկայանալ միջազգային շուկայում և արժանանալ մասնագետների ուշադրությանը։

Թովմասյանը նաև տեղեկացրեց, որ կինոռեժիսորներին սատարելուց զատ Բրիտանական խորհուրդը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում ներկայացնում է լիամետրաժ ռեժիսոր Սյալոու Գո «Նա` չինուհին» ֆիլմը։ Բացի դրանից ոչ մրցութային ցուցադրությամբ կինոփառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը կինոդիտողներին կներկայացնի կարճամետրաժ 6 ֆիլմ։