Վենետիկի կինոփառատոնի թուրք մրցանակիրը կժամանի Երևան

18:59 • 07.07.10

Ամեն տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին իրենց աջակցությունն են ցուցաբերում ՀՀ–ում հավատարմագրված դեսպանատները։ Այս տարի Գերմանիայի դեսպանատան շնորհիվ փառատոնին կմասնակցի թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգը։

Բրոյնիգի խոսքով՝ «Ոսկե ծիրան» 7–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի Աքինի «Հոգու խոհանոց» ֆիլմը, որը արժանացել է Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակին։ Փոխդեսպանը նաև տեղեկացրեց, որ Ֆաթիհ Աքինի պատվին դեսպանատունը կազմակերպելու է ընդունելություն։

Բացի դրանից, «Ոսկե ծիրանի» շրջանակներում կցուցադրվեն երեք այլ գերմանական ռեժիսորների ֆիլմեր։

Իր հերթին, Բրազիլիայի դեսպանատան մշակութային հարցերով կցորդ Ֆլորիանո Ռեգիսը տեղեկացրեց, որ փառատոնի մրցութային ծրագրերում ներկայացված են բրազիլական վավերագրական ֆիլմեր։ Նա նաև նշեց, որ Երևան կայցելի Սան Պաուլոի կինոփառատոնի հիմնադիր սփյուռքահայ Լեոն Կակովը (Շատարևյան)։

Նշենք, որ ԵՄ Հայաստանի գրեսենյակն իր կողմից աջակցում է փառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» և «Հայ–թուրքական կինոպլատֆորմ» նախագծերին։ «Ոսկե ծիրանին» աջակցում են նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատները։