Սեպտեմբերին Հայաստան կժամանի Վրաստանի կրթության նախարարը

19:08 • 07.09.10

Վրաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինը խոստացել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին լուծել Վրաստանում հայոց լեզվի դասաժամերի կրճատման հարցը։

Ինչպես այսօրվա ասուլիսին տեղեկացրեց Աշոտյանը, սեպտեմբերի 28–30–ը Հայաստան կայցելի Շաշկինի ղեկավարված պատվիրակությունը։ «Հուսով եմ, որ նա լուծումով կգա Հայաստան»,– ասաց նախարարը։

Ըստ նախարարի, կողմերը կքննարկեն մի շարք կարևոր խնդիրներ։ Աշոտյանը նշեց, որ 2008-ից ի վեր Հայաստանի և Վրաստանի միջև կրթության ոլորտում որևէ իրավական փաստատաթուղթ գոյություն չունի. համագործակցության ծրագիրն իր ուժը կորցրել է 2008թ.։

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանը վրացական կողմի հետ համատեղ կրթական ոլորտին վերաբերող նոր համաձայնագիր է նախապատրաստել։

Շաշկինի այցի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև Վրաստանի հայ համայնքին հուզող մի շարք խնդիրներ։ Բացի դրանից, մինչև տարեվերջ կկազմակերպվի ոլորտի մասնագետների մասնակցությամբ համատեղ գիտաժողով։
 

Սեպտեմբերին Հայաստան կժամանի Վրաստանի կրթության նախարարը