Աշոտյանը հուսով է, որ Հայաստանում սովորող իրանցիների թիվը կմեծանա
Սեպտեմբերի 20–23–ը Հայաստան կժամանի Իրանի բարձրագույն կրթության և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը՝ երկու փոխնախարարների գլխավորությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա՝ պատվիրակության անդամները կայցելեն Երևանի պետական համալսարան, Բժշկական և Ճարտարագիտական համալսարաններ, ինչպես նաև իրանական պատվիրակության համար մի շարք «նոր» բուհեր՝ Հայաստանում ֆրանսիական համալսարան, Ռուս–հայկական պետական համալսարան։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանում սովորող իրանցի ուսանողների թիվը առաջիկա տարիներին կաճի»,– ասաց նախարարը։










