Հայաստանը ցանկանում է վերականգնել առաջատարի դիրքերը մեծ քիմիայի բնագավառում
«Հայաստանը ցանկանում է վերականգնել առաջատարի դիրքերը մեծ քիմիայի ոլորտում»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ այս ամսվա վերջում գիտատեխնիկական խորհրդի նիստը քննարկելու է այդ հարցը։
2007 թվականից գործող Գիտության պետական կոմիտեի հիմնական առաքելությունը, ինչպես ներկայացրեց կոմիտեի ղեկավարը, գիտության և գիտատեխնիկական ոլորտում պետական քաղաքականության մշակումն է։ Սամվել Հարությունյանի խոսքով՝ գիտության բնագավառում վերջին տարիներին բավական աշխատանք է կատարվել, որոնցից կարևոր է հետազոտական հիմնարկների տնտեսական ծախսերի համար բյուջեի հատկացումների ավելացումը։ Ըստ նրա՝ բյուջեի հատկացումների ավելացման շնորհիվ է, որ գիտահետազոտական հիմնարկներն այժմ ստիպված չեն ձմռանը հարկադիր պարապուրդի մատնվել։
Սամվել Հարությունյանը նշեց նաև, որ պետությունը ֆինանսավորում է գիտաժողովներին հայ գիտնականների մասնակցությունը. վերջին տարիներին Հայաստանից 70 երիտասարդ գիտնականներ տարբեր ծրագրերով կարողացել են մասնակցել միջազգային գիտաժողովների։
Գիտության պետական կոմիտեի նախագահն անդրադարձավ նաև գիտություն–արտադրություն կապի խզվելուն՝ շեշտելով, որ հայ գիտնականներին արտասահմանում ավելի շատ են գնահատում, քան Հայաստանում։ Նա հայ գործարարներին կոչ արեց վստահել հայ գիտնականներին՝ վստահեցնելով, որ «արդյունքը կտեսնեն»։










