Ինչպե՞ս կանխել «ուղեղների արտահոսքը» Հայաստանից
Հայաստանից գիտնականների հեռանալը կանխելու համար որոշակի քայլեր են կատարվում։ Մասնավորապես, «Լույս» հիմնադրամը, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն գրանտային ծրագրեր են իրականացնում հատուկ երիտասարդ գիտնականների համար։ Այս մասին այսօր ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
«Որպեսզի կարողանանք դինամիկ հավասարակշռություն ստեղծել գնացող երիտասարդների և վերադարձողների միջև, լուրջ գումարներ է հարկավոր ծախսել։ Ինչ վերաբերում է ընդհանրապես երիտասարդների չգնալուն, էդպես մտածել չի կարելի, որովհետև գիտությունը բաց համակարգ է։ Եթե մենք ուզում ենք լուրջ գիտություն ունենալ, ապա երիտասարդը պետք է և գնա, և վերադառնա»,– հայտարարեց Սամվել Հարությունյանը։
Միաժամանակ, ըստ կոմիտեի նախագահի, խնդիրը բավականին ծանր է և դրա լուծումը երկար ժամանակ ու ծախսեր է պահանջում, «այն կախված է մեր բյուջեից և կրթության ոլորտում իրականացվելիք բարեփոխումներից»։ «Դուք շատ լավ գիտեք, որ Հայաստանում այսօր գործում են ավելի քան 80 պետական և մասնավոր համալսարաններ, արդյո՞ք այդքան համալսարան մեզ պետք է։ Այ, եթե մեր կրթությունն ու գիտությունը դառնան պահանջարկված, և պետական պատվերը ձևավորվի, իրոք, ելնելով մեր տնտեսության կարիքները բավարարելուց, ինձ թվում է, այս խնդիրը կամաց–կամաց կկարգավորվի»,– ասաց նա։
Հարությունյանի կարծիքով, սակայն, «մեր հայկական մենթալիտետը և հետխորհրդային հարաբերությունների մենթալիտետն այնպիսին է, որ շատ հաճախ դիպլոմին ավելի մեծ արժեք են տալիս, քան գիտելիքներին»։










