Հայկական բուհերի վարձավճարները ցածր են. համոզված է կրթության փոխնախարարը
Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վարձավճարները համապատասխանում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակին: Այս կարծիքին է ՀՀ կրթություն և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը:
«Եթե լինենք իրատես և ազնիվ, ապա շատ մասնագիտությունների համար նախատեսված վարձավճարները նույնիսկ ցածր են: Օրինակ, ֆիզիկա կամ քիմիա ուսումնասիրելու և այդ բնագավառում բարձրագույն կրթություն ստանալու համար տարեկան պահանջվում է մոտավորապես 300 000 դրամ», – այսօրվա ասուլիսին ասաց նա:
Նույնը, ըստ փոխնախարարի, վերաբերում է Պետական բժշկական համալսարանի վարձավճարներին։
«Բոլորին թվում է, թե այստեղ վարձավճարները շատ բարձր են, բայց չենք մտածում, որ բժշկական բարձրագույն կրթություն ստանալու համար մյուս երկրները մի քանի անգամ ավելի բարձր վարձավճարներ են սահմանում», – հավելեց նա:










