«Քավենդիշ» համալսարանի ուսանողները դիմել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին
Հայաստանի «Քավենդիշ» համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները բաց նամակ են ուղղել ՀՀ նախագահին, վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին և կրթության և գիտության նախարարին՝ կապված «Քավենդիշ» համալսարանի լիցենզիայի գործողության դադարեցման հետ։
«ՀՀ նախագահ պրն. Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ պրն. Տիգրան Սարգսյանին,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
պրն. Արմեն Հարությունյանին,
ՀՀ Կրթության և գիտության նախարար
պրն. Ա. Աշոտյանին
Հայաստանի «Քավենդիշ» համալսարանի
մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներից
(նամակագրության հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ զ.
Մառի նրբ. 8/30
Շուշան Դավթյան)
Հարգելի պարոնայք,
Ս. թ. օգոստոսի 13-ին մենք` «Քավենդիշ» համալսարանի ուսանողներս, ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքից տեղեկացանք, որ ս.թ. օգոստոսի 12-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած «Կրթության ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» հերթական նիստում հանձնաժողովը փակ, գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացրել ամբողջությամբ կասեցնել 7 կրթական կազմակերպությունների լիցենզիայի գործողությունը: Եվ այդ 7 կազմակերպությունների ցանկում է նաև «Քավենդիշ» համալսարանը:
Ուզում ենք նշել, որ նշված որոշումը մեզ համար դարձել է լուրջ վրդովմունքի առարկա, ինչը պայմանավորված է մարդու իրավունքների ոտնահարման ակնհայտ փաստով:
Ինտերնետային կայքում նշված է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կապահովի տվյալ կրթական ծրագրերում ընդգրկված բոլոր ուսանողների կրթության իրավունքը և ուսանողներին հնարավորություն կտրվի իրենց կրթությունը շարունակելու ոչ պետական հավատարմագրված բուհերի և պետական բուհերի նույն կամ հարակից մասնագիտությունների համապատասխան կուրսերում:
Նախ և առաջ նշենք, որ «Քավենդիշ» համալսարանի MBA (Masters of Business Administration) որակավորում ստանալու համար կրթություն ստացող ուսանողները արդեն իսկ ավարտել են ՀՀ պետական բուհերը (ինչպես օրինակ ՀՀ Պետական Համալսարանը, ՀՀ Պետական Տնտեսագիտական Համալսարանը, ՀՀ Պետական Բժշկական Համալսարանը, ՀՀ Պետական Ճարտարագիտական Համալսարանը և այլ բուհեր), որից հետո կատարել են իրենց կշռադատված որոշումը իրենց ուսումը շարունակելու «Քավենդիշ» համալսարանի MBA ծրագրում, և այդ որոշման երաշխիք է հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, քանի որ 2007թ.-ին լիցենզավորել է տվյալ հաստատությունը:
Ուզում ենք նշել, որ «Քավենդիշ» համալսարանը մեզ տրամադրում է.
- միջազգային ստանդարտներին համապատասխան երկլեզու կրթություն` հայերեն և անգլերեն
- անգլերենին ազատ տիրապետող բարձրորակ դասախոսական կազմ
- երեկոյան դասընթացներ, ինչը հնարավորություն է տալիս ուսանողին համատեղել ուսումը աշխատանքի հետ
- համալսարանն ավարտելուց հետո հայկական MBA և բրիտանական DMS (Diploma in Management Studies) դիպլոմներ:
Կասկածից վեր է, որ ՀՀ ամենամեծ առավելությունը և բարօրության թերևս միակ երաշխիքը գիտելիքն է, որը ձեռք բերելու, զարգացնելու, կատարելագործելու համար մենք ջանք ու եռանդ, նաև ֆինանսական միջոցներ չենք խնայում (արդեն իսկ առաջին ուս. տարվա համար վճարել ենք 1.250.000 ՀՀ դրամ), որպեսզի ի վիճակի լինենք այն ներդնել մեր երկրի բարօրության գործում: Սա թերևս ամենամեծ ներդրումն է և Հայաստանը միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելու միակ ճանապարհը:
Այսօր մենք կանգնած ենք այն փաստի առաջ, որ մեր պետությունը խախտում է իր իսկ քաղաքացիների սահմանադրական իրավունքները դրանք լավագույնս պաշտպանելու փոխարեն:
Մեր խորը համոզմամբ մենք` «Քավենդիշ» համալսարանի ուսանողներս չենք կարողանալու գտնել համարժեք այլընտրանքային կրթության հնարավորություն ՀՀ պետական և ոչ պետական այլ բուհերում, որոնք չեն կարողանալու տալ մեզ համապատասխան կրթական որակ: Փաստորեն, մենք վնաս կկրենք կրթական որակի, ֆինանսական և նաև բարոյական առումներով` հայտնվելով նմանօրինակ անորոշ կացության մեջ:
Ըստ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի՝ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն», ինչը փաստորեն նույնպես այս դեպքում խախտվում է: Իրականությունն այն է, որ մեր ներկա իրավական վիճակը վատթարանում է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» կայացրած ոչ մի հիմնավոր պատճառաբանություն չներկայացնող որոշման արդյունքում:
Մեր կարծիքով, վերջիվերջո կարելի է որոշակի ժամանակ տալ ԲՈւՀ-ին՝ ուղղելու բացթողումները և շարունակելու իրականացնել ուսանողների առջև ստանձնած իր պարտավորությունները:
Փաստորեն, մենք տեղափոխվելով ուսանելու այլ բուհ, որոշակի անհարմար վիճակի մեջ ենք ընկնում.
- չենք կարողանա աշխատանքի հետ համատեղել ուսումը ժամային առումով,
- որևէ այլ ԲՈւՀ ավարտելուց հետո չենք ստանա MBA և DMS դիպլոմները միասին,
- մեր խորին համոզմամբ այլ ԲՈւՀ-ը չի կարողանա տալ նույն կրթությունը, ինչ որ «Քավենդիշ» համալսարանը, այլապես մենք չէինք որոշի սովորել հենց «Քավենդիշ» համալսարանում:
Սակայն, ՀՀ Սահմանադրությունում նշված «ժողովրդավարություն», «արժանապատվություն», «իրավունք» և «ազատություն» հասկացությունները փաստորեն մղվում են ետին պլան:
Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում դեռևս չկա բարոյական փոխհատուցում ասվածը, սակայն ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից լայնորեն կիրառվում է բարոյական վնասի հատուցման պրակտիկան:
Մենք` «Քավենդիշ» համալսարանի ուսանողներս խնդրում ենք տալ մեզ հուզող հետևյալ հարցերի պատասխանները.
1. Արդյո՞ք «Քավենդիշ» համալսարանը նախապես տեղյակ է եղել լիցենզիայի կասեցման մասին
2. Կարո՞ղ եք առաջարկել մեզ վերը նշված բոլոր կետերին համարժեք այլընտրանք` MBA և DMS դիպլոմներով
3. Ինչպե՞ս և ո՞վ պիտի փոխհատուցի մեր կրած ֆինանսական և բարոյական վնասները
Խնդրում ենք հստակ պատասխանել մեզ հուզող նշված հարցերին ինչքան հնարավոր է սեղմ ժամկետներում, քանի որ սկսվել է նոր ուսումնական տարին և մենք պետք է որոշում կայացնենք մեր կրթությունը շարունակելու վերաբերյալ կամ մեր իրավունքների պաշտպանության համար օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկենք:
Ուսանողն է կերտում այս երկրի ապագան, և ուսանողի կրթական, բարոյահոգեբանական, մարդկային արժեքներով է պայմանավորված մեր երկրի քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական մթնոլորտն ու դրությունը:
Ինչպե՞ս կարող է քաղաքացին հարգել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այն հիմնարար սկզբունքները, եթե կամայականորեն խախտվում են անձամբ իր սահմանադրական իրավունքները:
Հարգելի պարոն նախարար, խնդրում ենք տրամադրել մեզ նաև «Կրթության ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» համապատասխան որոշումը, որի համաձայն կասեցվել է 7 կրթական կազմակերպությունների լիցենզիայի գործողությունը, այդ թվում նաև «Քավենդիշ» համալսարանինը»:










