Կրթության նախարարությունը լծակ չունի Աճառյանի անվան համալսարանի խնդիրները լուծելու համար

13:40 • 09.09.10

Վերջին շրջանում Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի դասախոսները չեն ստանում իրենց աշխատավարձերը։ Այս խնդրին ծանոթ է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը։

«Նախարարությունը ոչ մի լծակ չունի՝ ազդելու վարչական, ֆինանսական, տնտեսական վարույթի վրա, քանի որ Աճառյանի անվան համալսարանը ինքնուրույն տնտեսվարող ոչ պետական կառույց է», – ասաց նա։

Փոխնախարարը հավելեց, որ նմանատիպ հարցերը կարող են լուծում ստանալ՝ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան։

Հարցին, թե արդյ՞ոք այս իրավիճակը կարող է հանգեցնել բուհի լիցենզիայի կասեցմանը, Ավետիսյանը պատասխանեց. «Լիցենզիայից կարող է զրկվել այն պարագայում, եթե այդ հաստատության կազմը չգնա աշխատանքի, բուհը չունենա դասախոս, չունենա համապատասխան պայմաններ», – պարզաբանեց նա։

Փոխնախարարը խոսեց նաև պետական բուհերում հեռակա ուսուցման վարձավճարների բարձրացման մասին։ «Կրթության մասին օրենքով սահմանված է, որ վարձավճարները սահմանում է ուսումնական հաստատությունը», – ասաց նա։

Միաժամանակ, նա հավելեց, որ նախարարությունը որպես խորհրդատվական մարմին վարձավճարների սահմանման փուլում կարող է հանդես գալ որպես խորհրդատու, և ոչ ավելին։

 

Կրթության նախարարությունը լծակ չունի Աճառյանի անվան համալսարանի խնդիրները լուծելու համար