Գլոբալ տաքացում. Ի՞նչ է սպասվում 2050թ.
Գլոբալ տաքացումը հյուսիսային երկրները կվերածի նոր խոշորագույն տնտեսական կայսրությունների: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail-ը:
Ջերմաստիճանի տաքացումը նշանակում է, որ ավելի վաղ սառեցված բնական ռեսուրսները, ինչպիսիք են գազը, նավթն ու ջուրը, մատչելի կլինեն, և դա այն դեպքում, երբ աշխարհի մնացյալ հատվածին դրանք չեն բավարարում: Գլոբալ տաքացումը ԱՄՆ-ի հյուսիսը, Գրենլանդիան և Ռուսաստանը մինչև 2050թ. կվերածի «միգրացիոն մագնիսների»:
«Բազմաթիվ առումներով «նոր Հյուսիսը» լավ է պատրաստված նոր դարին, չնայած այն հանգամանքին, որ նրա եզակի էկոհամակարգին սպառնում են ածխաջրածնային օգտակար հանածոների վերամշակման հետևանքները և կլիմայի խիստ փոփոխությունը»,- գրում է Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Լորենս Սմիթն իր «Աշխարհը 2050թ.: Քաղաքակրթության հյուսիսային ապագան ձևավորող չորս ուժերը» գրքում: Նշենք, որ Սմիթը զբաղվում է աշխարհագրության, ինչպես նաև երկրագիտության և տիեզերագիտության խնդիրներով: Պրոֆեսորի կարծիքով` մինչև հարյուրամյակի վերջը ջերմաստիճանը լավագույն դեպքում կբարձրանա միջինը 4,5 աստիճանով` ըստ Ֆարենհայտի, իսկ վատագույն դեպքում` երկու անգամ ավելի շատ:
«Հյուսիսային արվարձանի պետությունները» կամ NORC-ի երկրները, ինչպես դրանց անվանում է պրոֆեսորը, կդառնան աշխարհի այն քիչ վայրերից մեկը, որտեղ բերքատվությունը կբարձրանա, իսկ պետությունները կտնօրինեն այլ տարածաշրջաններին վաճառվող քաղցրահամ ջրի լայնածավալ պաշարներ: Սմիթը նաև նշում է «ապագայի տասը նավահանգիստները», որոնք կշահեն արկտիկական սառույցների հալոցքից և երթուղիների ընդլայնումից. դրանց թվում են Ռեյկյավիկն Իսլանդիայում և Մուրմանսկը Ռուսաստանում: Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։










