Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր չեն գրանցվել

19:44 • 09.09.10

Այսօրվա դրությամբ Հայաստանի բնակչության շրջանում Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին Tert.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հիշեցնելով, որ վիրուսի փոխանցողներ համարվում են մոծակները, իքսոդային և արգասային տզերը, իսկ պահոց համարվում են թռչունները և կրծողները։

Արևմտյան Նեղոսի տենդը սուր տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ են տենդը, ուղեղի թաղանթների շճային բորբոքումը (հազվադեպ` մենինգոէնցեֆալիտի երևույթներ), լորձաթաղանթների ախտահարումը, լիմֆադենոպաթիան, ավելի հազվադեպ հանդիպում է նաև ցան:

Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսն առաջին անգամ հանդիպել է 1937 թվականին Ուգանդայում, որից հետո վերջինս լայնորեն տարածվել է Աֆրիկայում և Ասիայում:

Հիվանդությանը բնորոշ է արտահայտված ինտոքսիկացիան, մասնավորապես` ուժեղ, տանջող գլխացավ`արտահայտված ճակատի և աչքերի շրջանում, մկանային ցավեր, փսխում, ախորժակի անկում, ցավեր սրտի շրջանում և կրծքավանդակի ձախ հատվածում, եղջերաթաղանթի կարմրություն: Հիվանդների մեծամասնության մոտ նկատվում են նաև հոդացավեր:

Ըստ պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվության՝ համաճարակային իրավիճակն աշխարհում լարված է: Մասնավորապես դեպքեր են արձանագրվել Ռուսաստանի Դաշնությունում և հարևան Թուրքիայում։ Թուրքիայում արդեն երեք մարդ է մահացել վարակից։

Tert.am–ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության պետական, հիգիենիկ և համաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների այն տեղեկատվությանը, թե Հայաստանն այս վարակի բնական օջախ է համարվում, նշեց, որ դա լուրջ գիտական հետազոտությունների առարկա է և ապացուցված չէ։

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր չեն գրանցվել