Մասնավոր բուհերը խաբում են ուսանողներին, թե իրենց լիցենզիաները կրկին վերականգնելու են

14:59 • 09.09.10

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակելու է բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության ստուգումները, որոնք, հնարավոր է, բերեն լիցենզիաների հետագա կասեցման։

Ինչպես այսօրվա ասուլիսին նշեց կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, այս գործընթացը իրականացվելու է փուլային տարբերակով, որպեսզի «ոչ մի ուսանող չտուժի»։

«Կկասեցվի բոլոր այն բուհերի գործունեությունը, որոնք չեն համապատասխանում չափորոշիչներին», – ասաց նա։

Հիշեցնենք, որ վերջերս լիցենզիաների կասեցման արդյունքում ոչ պետական բուհերից դուրս է մնացել մոտ 2000 ուսանող։

Ըստ փոխնախարարի՝ այլ բուհ տեղափոխվելու խնդրանքով նախարարություն արդեն դիմել են ուսանողներ։ Ավետիսյանը, սակայն, չկարողացավ ներկայացնել այդ ուսանողների թիվը։

Լրագրողները նկատեցին, որ լիցենզիաներից զրկված մի շարք բուհեր տարածում են ապատեղեկատվություն, թե իրենք շուտով կվերականգնեն իրենց գործունեությունը և կստանան նոր լիցենզիաներ։

Ավետիսյանը նշեց, որ նմանատիպ տեղեկություն նախարարությունը ստացել է միայն Մենեջմենթի համալսարանից։

«Բուհերի ղեկավարությունն ասում է, թե վերացրել է թերությունները, սակայն եթե դա այդպես լիներ, նախարարությունը կթույլատրեր վերսկսել գործնեությունը», – պարզաբանեց փոխնախարարը

Մասնավոր բուհերը խաբում են ուսանողներին, թե իրենց լիցենզիաները կրկին վերականգնելու են