Կազմվել է աշխարհի 200 առաջատար համալսարանների վարկանիշը
Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանն այս տարի գլխավորել է աշխարհի 200 առաջատար համալսարանների վարկանիշը (QS World University Rankings)` երկրորդ տեղ մղելով յոթ տարի շարունակ առաջին հորիզոնականը զբաղեցնող ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանին: Երրորդ տեղում Յեյլի համալսարանն է (ԱՄՆ), չորրորդում` Լոնդոնի քոլեջ համալսարանը (University College London), հինգերորդում` Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը (ԱՄՆ):
Ի դեպ` ամերիկյան համալսարանները մոլորակի լավագույն համալսարանների ցուցակում առաջատար դիրքեր ունեն. 2010թ. առաջին հարյուրյակում նրանց բաժին է ընկել 31-ը: Թոփ 100-ում ընդգրկված են նաև ասիական 15 ուսումնական հաստատություններ, ընդ որում` լավագույն արդյունքն արձանագրել է Հոնգ Կոնգի համալսարանը` զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը: ԱՊՀ երկրների բուհերից առաջին հարյուրյակում միայն մեկ բուհ կա` Մոսկվայի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 93-րդ հորիզոնականը:
Նշենք, որ այս կամ այն ուսումնական հաստատության որակավորման համար վարկանշային հանձնաժողովը պետք է գնահատի համալսարանի գիտական աշխատանքների որակը, շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը և համալսարանի կրթական չափորոշիչները: Բացի այդ` հաշվի են առնվում արտասահմանցի ուսանողների թիվը, ֆակուլտետների որակական կազմը, ինչպես նաև համալսարանների կողմից հրատարակվող գիտական աշխատանքներին հղում կատարելու ցուցանիշը:
«Այս վերջին ցուցանիշը զգալի առավելություն է տալիս անգլալեզու բուհերին, որոնք, առաջին հերթին, տեղակայված են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Եթե գիտաշխատողներն իրենց հետազոտությունները հրատարակում են գիտական աշխարհում ոչ այնքան հայտնի լեզվով, որքան, օրինակ, անգլերենն է, նրանց աշխատանքները չեն մեջբերվում առաջատար գիտական հրատարակությունների կողմից»,- ասել է QS հանձնաժողովի ներկայացուցիչ Ջոն Օ՚Լեարին: Հետազոտություններին, որոնց հիման վրա կազմվում է վարկանիշը, մասնակցում է 13 հազ. պրոֆեսոր և 5 հազ. գործատու:
Նշենք, որ Քեմբրիջի համալսարանը հիմնվել է 1209թ. մի շարք ուսանողների և դասախոսների կողմից, որոնք հեռացել էին Օքսֆորդից` տեղացի բնակիչների հետ բախման պատճառով: Հենրի 3-րդ արքան 1231թ. նրանց վերցնում է իր հովանավորության ներքո: Առաջին քոլեջը` Փիթերհաուսը, հիմնվում է Էլի Բիշոփի կողմից 1284թ.: Համալսարանի ականավոր շրջանավարտների թվում են Ուիլյամ Վորդսվորթը, Սամուել Թեյլոր Քոլերիջը, Ջորջ Բայրոնը, Ջոն Միլտոնը, Իսահակ Նյուտոնը, Չառլզ Դարվինը, Չառլզ Բաբիջը և այլք: Ներկայում համալսարանն ունի 11815 ուսանող, այդ թվում` 1257 արտասահմանցի, և 1590 դասախոս: Այս տարի ուսման վարձը բրիտանացի և ամերիկացի ուսանողների համար կազմել է 3290 ֆունտ ստեռլինգ` բոլոր մասնագիտությունների համար:
Աշխարհի` այս տարվա առաջատար երկրորդ բուհը` Հարվարդի համալսարանը, ԱՄՆ-ի ամենահին մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունն է: Տեղակայված է Քեմբրիջ քաղաքում (ԱՄՆ-ի Մասաչուսեսթսի նահանգ): Համալսարանը հիմնվել է 1636թ. սեպտեմբերի 8-ին` ամերիկյան մայրցամաքում առաջին գաղութաբնակների հայտնվելուց 16 տարի անց: Համալսարանի պատմությունն սկսվում է Հարվարդի քոլեջի հիմնումից, որի մասին որոշումն ընդունվել է Մասաչուսեթսի Բարձրագույն դատարանի կողմից: Քոլեջն իր անվանումը ստացել է ի պատիվ իր առաջին հովանավոր Ջոն Հարվարդի` երիտասարդ նախարարի, որը իր մահից հետո՝ 1638թ., նոր ուսումնական հաստատությանը ժառանգություն է թողել իր կարողության կեսը և գրադարանը:
Պատմականորեն այդ գրադարանը դարձել է մայրցամաքի հանրային երկրորդ գրադարանը: Համալսարանում այժմ գործում են 12 քոլեջ և ֆակուլտետ: Ի դեպ` այս համալսարանն են ավարտել ԱՄՆ-ի ութ նախագահները` Ջոն Ադամսը, Ջոն Քուինսի Ադամսը, Թեոդոր Ռուզվելտը, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, Ռութերֆորդ Հեյսը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Ջորջ Բուշ Կրտսերը և ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման: Համալսարանի ականավոր շրջանավարտների թվում են նաև Թոմաս Սթեռնս Էլիոթը, Ջոն Ափդայքը, Ռոբերտ Օպենհեյմերը և այլք: Ներկայում Հարվարդի քոլեջն ունի մոտ 6700 ուսանող և 2100 դասախոս: 2009-2010 ուսումնական տարում համալսարանի վարձը կազմել է $33696:










