Նյու Յորքի մետրոյում և տաքսիներում կարելի է վճարել հեռախոսով
Visa վճարային համակարգը թողարկել է նոր փորձնական ծրագիր, որը Նյու Յորքի բնակիչներին թույլ կտա մետրոյով, գնացքով կամ ավտոբուսով երթևեկելիս վճարել սեփական բջջային հեռախոսից։ Այս մասին հայտնում է Banktech պորտալը։
Այժմ նյույորքցիները երթևեկության քարտ գնելու կամ այն լիցքավորելու փոխարեն կարող են իրենց հեռախոսը մոտեցնել հաշվիչ սարքին՝ վճարելով իրենց երթևեկության գումարը։
Այս փորձնական նախագծին մասնակցում են New York City Transit և NJ TRANSIT
ընկերությունները՝ Նյու Յորքի և Նյու Ջերսիի տրանսպորտային վարչությունների հետ համատեղ։
«Նոր համակարգի ներդրումը կազատի ուղևորներին դրամապանակում անվերջ մանրադրամ փնտրելուց և քարտը կորցնելու վախից... և իհարկե կբարձրացնի ծառայության մատուցման որակը»,– հայտարարել է Visa–ի փոխնախագահ Ջիմ Մակ–Քարթին։
Նյու Յորքի ավելի քան 10 000 տաքսի տեղադրել է Visa pay Wave տերմինալներ, որոնք նույնպես հնարավորություն կտան իրենց մատուցած ծառայությունների դիմաց վճարում ստանալ հեռախոսներից։
РИА Новости –ի փոխանցմամբ, Ռուսաստանը նույնպես պլանավորում է վճարային նման համակարգ ներդնել մետրոներում, այդ տեխնոլոգիայով երթևեկելու հնարավորություն ուղևորներին կընձեռնվի 2010թ. վերջերից։










