Հայաստանում մարզպետներն իրենց թագավոր են զգում. Անահիտ Բախշյան
Վերջերս մարզեր այցելություններ կատարելու ժամանակ, լինելով տարբեր դպրոցներում, ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին կրկին ահազանգել են այն մասին, որ մարզպետները չարահաշահում են իրենց պաշտոնական լիազորությունները` պարտադրելով դպրոցների տնօրեններին աշխատանքի ընդունել իրենց ուղարկած մարդկանց՝ ուսուցիչներից մինչև հավաքարարներ։
Ինչպես նշվում է Բախշյանի տարածած «Հայաստանում մարզպետներն իրենց թագավոր են զգում» վերնագրով հաղորդագրությունում, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` դպրոցները ենթարկվելու են ներքին և արտաքին գնահատման, այն դառնալու է տվյալ դպրոցում կրթության որակի ցուցանիշը, որի համար պատասխանատվություն են կրելու հատկապես դպրոցների տնօրենները։
«Ի գիտություն մարզպետների և բոլոր նրանց, ովքեր իրենց միջամտություններով խանգարում են դպրոցների տնօրեններին կադրերի ընտրության հարցում` պատգամավորը հայտնում է, որ շուտով պատրաստ է լինելու ուսուցչի թափուր տեղի համար ուսուցիչների ընտրության կարգը, և տնօրենները պետք է առաջնորդվեն այդ կարգով։
Չնայած տարիներ շարունակ դպրոցի ինքնավարությունն ու ինքնակառավարումը կրթական բարեփոխումների նպատակն է եղել, որը սահմանվել է նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և կրթության պետական ծրագրերով, սակայն իշխանությունների կողմից քաղաքական կամքի բացակայության և մարզպետների անթաքույց դժկամության պատճառով արգելակվում է խորհուրդների միջոցով ինքնավարության իրականացումը և դպրոցների ինքնակառավարումը, որովհետև դպրոցի կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը, հակառակ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, դպրոցի կանոնադրությամբ վերապահված է մարզպետին։
Արդյունքում կախվածության մեջ գտնվելով մարզպետներից` սահմանափակվում է դպրոցների տնօրենների ինքնուրույնությունը, որը չի կարող նպաստել նրանց նախաձեռնող գործունեությանը»,- նշվում է պատգամավորի հաղորդագրությունում։










