Ամռան ամիսներին Circle.am-ի այցելությունները նվազել են
Այս տարվա ամռան սկզբից Circle.am-ում գրանցվել է և այցելությունների, և էջերի դիտումների ծավալների անկում: Հունիսին այցելությունների ծավալը կազմել է 9 756 803՝ մայիսի նկատմամբ նվազելով 687 հազարով: Հուլիս ամսին այցելությունների ծավալը կազմել է 9 337 313, հունիսի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 419 հազարով: Օգոստոսին արձանագրվել է ամենափոքր ծավալը` 8 871 711՝ հուլիսի համեմատ նվազելով 465 հազարով:
Ըստ «Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերի իրականացրած վերլուծության՝ ամռան երեք ամիսներին Circle.am-ում գրանցվել է մոտ 300 կայք: Նոր գրանցված կայքերի հաշվին Circle.am-ում այցելությունների ծավալն օգոստոս ամսին աճել է մոտ 900 հազարով:
Օգոստոսին Circle.am-ում հայաստանյան այցելությունների ծավալը կազմել է ընդհանուր այցելությունների ծավալի 44.1%-ը: Մայիսի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 4.2 տոկոսային կետով:
Օգոստոսին Հայաստանից գրանցվել է 3 885 809 այցելություն, իսկ ամռան ընթացքում Circle.am-ում գրանցված նոր կայքերի հայաստանյան այցելությունների թիվը նույն ամսին կազմել է 225 000: Աշխարհում ինտերնետի այցելությունների տարիներ շարունակ ձևավորված միտումների համաձայն՝ ամռան ընթացքում այցելություների ծավալի կրճատումը հասնում էր 30-35%-ի: Հայաստանն այս առումով բացառություն չէ. տարիներ շարունակ Circle.am-ում գրանցված ցուցանիշները նույնպես վկայում են այդ մասին։










