Կառավարությունը փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ. Օտարալեզու դպրոցների դեմ բողոքը շարունակվում է
«Ես զգոնության կոչ եմ անում, որովհետև մենք նոր փուլ ենք թևակոխել»,– այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Նվարդ Մանասյանը՝ մեկնաբանելով, որ այսօր կառավարությունը հասարակության բողոքի ճնշման տակ փոխել է օտարալեզու դպրոցների վերաբացման շուրջ իր մարտավարությունը, բայց ոչ ռազմավարությունը։ Նախաձեռնության ներկայացուցիչը վստահ է, որ «կառավարությունն իրենց գլխի տակ փափուկ բարձ է դրել», սակայն չի նահանջելու իր նպատակներից և օրենքում այնպիսի ձևակերպումներ է թողնելու, որոնք ապագայում ևս օտարալեզու դպրոցներ բացելու հնարավորություն կտան։
Լրագրողների հետ այսօր հանդիպած «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները դժգոհ էին խորհրդարանական երեկվա լսումներից։ «Իշխանությունը ձևական զիջումների ճանապարհով է գնում»,– մասնավորապես, հայտարարեց նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը՝ պարզաբանելով, որ իշխանություններն այժմ ասում են, թե «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ այլևս չեն կատարելու, սակայն օտարալեզու դպրոցների բացման մասին փոփոխությունները կատարում են «Հանրակրթության մասին» օրենքում։
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իրենց նախաձեռնությունը չի ընդունում որևէ զիջում, այն դեմ է ընդհանրապես օտարալեզու դպրոցների վերաբացմանը. «Հայ երեխան Հայաստանում պետք է սովորի իր ազգային հայկական դպրոցում»։ Նա նշեց, որ օրինագծով առաջարկվում է ունենալ 11 օտարալեզու դպրոց, ինչը նշանակում է, որ Հայաստանում յուրաքանչյուր 10–րդ դպրոց պետք է լինի օտարալեզու, քանի որ, Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանում կա 91 ավագ դպրոց։
«Մեր խումբը չի ցրվելու»,– հայտարարեց նախաձեռնության մեկ այլ անդամ Գևորգ Գիլանցը՝ նշելով, որ իրենք պատրաստ են կրթության ոլորտում ցանկացած առաջարկություն իրականացնել, սակայն պայմանով, որ բարեփոխումները չեն լինի հայերենի հաշվին։
Ի դեպ, նախաձեռնության անդամները տեղեկացրեցին, որ իրենք օրինագծի հետ կապված հանդիպումներ և քննարկումներ են ունեցել խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ՝ բացի ՕԵԿ–ից, որովհետև համարել են, որ ՕԵԿ–ի հետ քննարկումը ժամանակի կորուստ կլիներ, քանի որ իրենց հայտնի է ՕԵԿ–ի դիրքորոշումը օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնության մասին։










