Եթե այդպես շարունակվի, մինչև 2020թ. կկորցնենք Հայաստանի անտառները. բնապահպան
Հայաստանի անտառների վերաբերյալ այսօրվա ասուլիսին բնապահպանության նախարարության և «Հայանտառի» մասնագետներն այդպես էլ չներկայացան։ Փոխարենը անտառահատումների խնդրին անդրադարձան ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ու «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։
Հրանուշ Խառատյանի տեղեկացմամբ՝ Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերի անտառամերձ բնակավայրերում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այդ բնակավայրերի բնակչությունը փայտը որպես վառելիք է օգտագործվում անգամ այն դեպքում, երբ բնակարանը գազիֆիկացված է։ Գազի թանկացմամբ պայմանավորված՝ այդ բնակավայրերում գազի սպառման ծավալները կտրուկ նվազել են։
Խառատյանի խոսքով՝ անտառամերձ բնակավայրերի բնակչությանը հուզող ամենամեծ խնդիրն անարդարությունն է, երբ նրանք տեսնում են, որ անտառը հաճախ հատվում է բիզնեսի նպատակով։
«Այսօր անտառի հիմնական վտանգը բիզնես նպատակով հատվող ծառերն են և անտառներում առաջացող խոշոր բացատները»,- նշեց ազգագրագետը։
«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն էլ նշեց, որ իրենք փորձել են համեմատել անտառածածկ տարածքների վերաբերյալ պաշտոնական և ոչ պաշտոնական թվերը և սարսափել են։ «Գյուղնախարարության տվյալներով՝ մեր անտառածածկ տարածքները 334.1 հազար հա են։ Դա հանրապետության տարածքի 11.2 տոկոսն է։ Ըստ նախարարության՝ այս թիվը 1992-ից անփոփոխ է, փոփոխության չի ենթարկվել անգամ այն պարագայում, երբ 90-ականներին զանգվածային հատումներ են եղել։ Ամերիկյան համալսարանի հետազոտությունների համաձայն՝ 2006թ. Հայաստանի անտառները կազմել են երկրի տարածքի 7.5 տոկոսը»,- նշեց Զարաֆյանը՝ հավելելով, որ եթե անտառի նկատմամբ հոգատար վերաբերմունք չլինի, ըստ կանխատեսումների՝ 2020թ.-ին ընդհարապես անտառը կկորցնենք։
Իսկ եթե Հայաստանը պաշտպանիչ դեր կատարող իր անտառը կորցնի, կնշանակի, որ կկորցնենք մեր ջրային ռեսուրսները, հողը, կակտիվանան սողանքները, անապատացման գործընթացներ կսկսվեն։ Զարաֆյանի խոսքով՝ բնապահպանների բարձրացրած այս հարցերին իշխանությունները որևէ կոնկրետ լուծում չեն առաջարկում։
Ինգա Զարաֆյանը նաև տեղեկացրեց, որ այսօր անտառային տարածքների կարգավիճակը փոխվում է, տարածքները դուրս են բերվում անտառային ֆոնդից, որից հետո սկսվում են զանգվածային հատումները։ Այսինքն՝ անօրինական հատումներն օրինական դաշտ են բերվում։ Նման գործընթացներ, ըստ Զարաֆյանի, տեղի են ունեցել Հանքավանի և Ողջի գետի տարածքների անտառներում։ Ըստ բնապահպանի՝ եթե այդպես շարունակվի, ոչ թե 2020թ.-ին, այլ ավելի շուտ կկորցնենք Հայաստանի անտառները։










