Որո՞նք են Հայաստանի 10 առաջատար պրովայդերները

20:10 • 28.09.10

Հայաստանի առաջատար 10 ինտերնետ պրովայդերների ցուցակի բացարձակ առաջատար է մնում Beeline-ը: Այս մասին նշվում է Circle.am (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերի «Ինտերնետը Հայաստանում» 4-րդ զեկույցում։
Ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Orange-ն ամռան ընթացքում արձանագրել է փայլուն արդյունքներ։ Բջջային ինտերնետի մատչելի առաջարկների ներմուծումը և ինտերնետային փաթեթների համար նախատեսված ծավալների և արագության ավելացումը անմիջապես արդյունք են տվել։

Երրորդ հորիզոնականում է առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը։

Ցուցակի չորրորդ հորիզոնականում է ADC ընկերությունը, 5-րդ տեղում է Arminco-ն։ Ամռան ընթացքում միանգամից երկու հորիզոնականով վերև է բարձրացել և ցուցակի 6-րդ հորիզոնականում է հայտնվել Ucom-ը,

6-ից 7-րդ տեղում է հայտնվել Cornet-AM-ը։ Մեկ հորիզոնականով նահանջել և 8-րդ հորիզոնականում է հայտնվել iCON-ը։ Առաջատար պրովայդերների տասնյակը եզրափակում են Bionet-ը և Web-ը։

Բոլոր այս պրովայդերների մոտ ամռան ընթացքում արձանագրվել է ցուցանիշների անկում, ինչը մեծամասամբ պայմանավորված է սեզոնային տենդենցներով և, իհարկե, կանխատեսելի է, որ սեպտեմբեր ամսից շատերի մոտ կվերականգնվեն նախկին կամ նախկինին մոտ ցուցանիշները:

Օգոստոսի վերջի դրությամբ առաջին 10 պրովայդերներին բաժին է ընկնում հայաստանյան այցելությունների 93.49%-ը: Նշենք, որ մայիսին այս ցուցանիշը կազմել է 92,62%, իսկ փետրվար ամսին՝ 91.62%: Վերջին կես տարվա զարգացումները ցույց են տալիս, որ տեղի է ունենում ոլորտի խոշորացում և ժամանակի ընթացքում փոքր ընկերությունները դուրս կմղվեն շուկայից:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար 10 ինտերնետ պրովայդերների ցուցանիշները որոշվում են հայաստանյան IP հասցեներից` Circle.am-ում գրանցված այցելությունների հիման վրա:

Որո՞նք են Հայաստանի 10 առաջատար պրովայդերները