Սոցիալական կայքերից օգտվողների 60%-ը թմրադեղ է օգտագործել
Սոցիալական կայքերից օգտվողների 60%-ը թմրադեղեր է օգտագործել։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ թմրադեղերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավարի խոսքերը։
Նման եզրահանգման գերատեսչության մասնագետները եկել են «Ինտերնետային տեխնոլոգիաներ» ռուսական հասարակական կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, որը հասարակական կարծիքի մոնիտորինգ է անցկացրել vkontakte.ru, odnoklassniki.ru, Mail.ru սոցիալական կայքերից օգտվողների շրջանում։
Պարզվում է, որ հարցվածների 59%–ը իր կյանքում գոնե մեկ անգամ թմրադեղ է օգտագործել, 17%–ը ալկոհոլը գերադասել է թմրադեղից, 13%–ը ցանկանում է օգտագործել թմրադեղ, ևս 13%–ը պատասխանել է, որ չի փորձել, քանի որ հնարավորության չի ընձեռնվել։
Ըստ գերատեսչության՝ մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ ռուսները հանդուրժողական են թմրադեղերի հանդեպ. ընդ որում 36%-ը որպես թմրադեղ օգտագործել սկսելու պատճառ նշել է հետաքրքրությունը, 16%-ը՝ անգործությունը, 10%-ը՝ հոգեբանական խնդիրները, 7%-ը՝ հոգսերը մոռանալու համար, 8%-ը՝ թեթևամտությունն ու հիմարությունը, 2%-ը՝ սոցիալ-տնտեսական խնդիրները։










