ԼՂՀ-ում բարդ վիրահատության միջոցով երեխայի կյանք է փրկվել

10:57 • 30.09.10

Լեռնային Ղարաբաղի hանրապետությունում օգոստոսի 4-ին ծնված Մուշեղ Վահանյանի մոտ բժիշկներն անմիջապես ախտորոշել էին գաստրոշիզիս: Երեխան տեղափոխվել էր ԼՂՀ «Արևիկ» մանկական բժշկական միավորում, որտեղ զննման ժամանակ պարզվել է, որ ողջ աղեստամոքսային տրակտը, սկսած ստամոքսից մինչև սիգմայաձև աղին, գտնվում են որովայնի խոռոչից դուրս:

Կատարվել է շտապ ցուցումներով վիրահատական միջամտություն` աղեգալարների տեղադրում որովային խոռոչ, lig. Gastrohepatica-ի Z-աձև պլաստիկա, արհեստականորեն մեծացնելով որովայնի խոռոչի ծավալը, նույն նպատակով կատարվել է որովայնի կողմնային պատերի մեխանիկական ձգում` պահպանելով հյուսվածքների կենսունակությունը: Ներվիրահատական կատարվել է աղեգալարների պարունակության դատարկում, մատնային սեղմումներով և աղիների ինտուբացիա: Որովայնի առաջնային պատի ամբողջականությունը հնարավոր չի եղել վերականգնել և ստեղծվել է այրվածքային քսուքային ցանցով հատուկ պարկ, որովայնի խոռոչից դուրս գտնվող աղեգալարների համար, որը կարվել է հանգուցակարերով ապոնևրոզի եզրերի հետ: Վերջինիս շնորհիվ պահպանվել է որովայնի խոռոչի հերմետիկությունը, ստերիլությունը և հնարավոր է եղել հսկել աղեգալարների կենսունակությունը: Զարգացած կլինիկաներում այդ նպատակով օգտագործվում են հատուկ գաստրոշիզիսի համար ստեղծված պարկեր` Hand wrap, saran wrap:

Հետվիրահատական 5-րդ օրը կատարվել է որովային խոռոչի ամբողջականության վերականգնում։ Կատարվել է նաև վիրահատության 2-րդ փուլը` որովայնի խոռոչի ամբողջականության վերականգնում: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, 10-րդ օրը հեռացվել են հանգուցակարերը, վերքը լավանում է առաջնային ձգմամբ: Երեխան դուրս է գրվել բավարար վիճակում՝ 550գ քաշի ավելացմամբ:

Մանկական վիրաբուժության արևմտյան դպրոցի տվյալներով` 20-30 տարի առաջ գաստրոշիզիսով երեխաների մահացությունը կազմել է 90%:

Հայաստանյան կլինիկաներում տվյալները ընդհանրացված չեն, սակայն նախնական տվյալներով այն կազմում է 90%-ից ավելի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

ԼՂՀ-ում բարդ վիրահատության միջոցով երեխայի կյանք է փրկվել