Նախկին ԿԳ նախարարը կողմ է օտարալեզու դպրոցների բացմանը

14:56 • 30.09.10

«Ես կարծում եմ, որ շատ դեպքերում օտարալեզու դպրոցների խնդիրը չափազանցված է»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար, կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը՝ պատասխանելով Tert.am–ի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նախկին նախարարը օտարալեզու դպրոցներ բացելու օրենսդրական նախաձեռնություններին։

Երիցյանը վկայակոչեց 80 տարի գործած Մելքոնյան դպրոցի օրինակը, «որտեղ 7–րդ դասարանից սկսած կրթությունը եղել է հայերեն, հայագիտական առարկաների բաժինը 35 տոկոս է եղել, մնացած առարկաները, բնականաբար, վարել են օտար լեզուներով»։ «Եվ ես այսօր չեմ լսել աշխարհում, որ որևէ մելքոնյանական, այդ դպորցն ավարտած որևէ հայ մարդ հայասեր չէ, հայերենին չի տիրապետում, հայերեն չգիտի»,– հայտարարեց Սերգո Երիցյանը։

Նախկին նախարարը նշեց, որ օրենսդրությամբ պետք է փարատել նախաձեռնության շուրջ եղած բոլոր տարակուսանքները, բայց նաև մենք երբեք չպետք է մեր կրթական զարգացումները զրկենք այլընտրանքային, մեծ հեղինակություն ունեցող դպրոցներից։

Ինչ վերաբերում է դիլիջանյան դպրոցի բացմանը, Երիցյանի հաշվարկով, խոսքը տարեկան 30–35 շրջանավարտների մասին է, ինչը մեծ չէ է։ Սերգո Երիցյանը նշեց, որ մեր երկրում ոչ միայն հայերենի, այլև օտար լեզուների դրվածքը միշտ վատ է եղել, ինչի պատճառով «մեր ուսանողները որպես կանոն չէին կարողանում բռնել օտար լեզուների քննությունը, և արդյունքում մենք կորցնում էինք շատ կարևոր տեղեր եվրոպական համալսարաններում։ Իսկ հիմա ի՞նչ վատ կլինի, որ այդ շրջանավարտները լրացնեն այդ տեղերը, կրթություն ստանալով եվրոպական կրթական տարածքում»։

«Մեր կրթական խեցու մեջ պարփակվել այլևս չենք կարող»,– շարունակեց Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատարը։ Հարցին, որ եթե լեզուների ուսուցման որակն այդքան վատ է եղել անգամ իր պաշտոնավարման ժամանակ, ինչո՞ւ ինքը հանդես չի եկել օտարալեզու դօրոցների բացման նախաձեռնությամբ, Սերգո Երիցյանը պատասխանեց. «Դրա համար պետք է պայմաններ հասունանային, այդ ժամանակ չկային այդ պայմանները»։

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք հայոց լեզվի ուսուցման ցածր որակի հարցում նախկին նախարարը չի տեսնում իր մեղքը, Սերգո Երիցյանը պատասխանեց. «Մենք բոլորս ունենք մեղքի մեր բաժինն այնքանով, որ գուցե պետք է ստանանք գործառույթներ, որոն մեզ թույլ կնա ավելի հետևողական, ավելի հասցեական ուսումնասիրություններ կատարել այդ բնագավառում և ի ցույց դնել այդ ուսումնասիրությունների արդյունքները»։

Նախկին ԿԳ նախարարը կողմ է օտարալեզու դպրոցների բացմանը