Եվրոպայի ամենամեծ ավտոսալոնը բացվել է Փարիզում
Փարիզում այսօր բացվում է Եվրոպայի ամենամեծ ավտոսալոնը, որի ընթացքում կներկայացվեն հարյուրավոր մոդելներ: Փառատոնային տրամադրությունն այս տարի փոքր-ինչ մթագնել է ավտոմոբիլաշինական ընկերությունների անհանգստությունը` կապված գերարտադրության և վաճառքների անկման հետ:
Եվրոպայի տնտեսական անկումը, ամենայն հավանականությամբ, մոտենում է իր ավարտին, սակայն այս պահին կառավարությունները չեն աջակցում արդյունաբերական այս ճյուղին հին ավտոմեքենաների օգտահանման (ուտիլիզիացիա) ծրագրերով և խթանիչ այլ միջոցառումներով, որոնց վրա նախկինում ծախսվում էին հարկատուների միջոցները: Նշենք, որ այս տարի Եվրամիությանը հաջողվել է ընդամենը 9 մլն մեքենա վաճառել, ինչը 3,5%-ով ցածր է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Ford ընկերության կանխատեսմամբ` ամբողջ տարվա ընթացքում կվաճառվի ընդամենը 14,5 մլն մեքենա, ինչը զգալիորեն ցածր է 2009թ. 15,9 մլն մեքենա ցուցանիշից:
Պահանջարկի ամենամեծ անկումն ունի իտալական Fiat-ը, իսկ ամենահաջողը վաճառվում են գերմանական Audi-ի, BMW-ի և Mercedes-ի արտադրանքները: Նշենք, որ Եվրոպայում գերարտադրված շատ ավտոմեքենաներ կան և եթե դրանք բարեհաջող չիրացվեն, ապա ոլորտում աշխատանքից կազատվեն միլիոնավոր մարդիկ: Թեև ճգնաժամի ընթացքում մի շարք գործարաններում կարճացվել էր աշխատանքային օրը, և կրճատվել էին դրույքները, այնուամենայնիվ դրանցից դեռ ոչ մեկը չի լուծարվել:
Մինչդեռ Opel-ը, օրինակ, մտադիր է փակել իր ձեռնարկությունները բելգիական Անտվերպենեում, իսկ Fiat-ը` Սիցիլիայում: Եվ սա ԵՄ-ում կարող է շղթայական ազդեցություն ունենալ: Ի դեպ` եվրոպական ավտոարտադրողներին կարող են օգնության հասնել Ասիայից: Ճապոնական Nissan-ը ծրագրում է Մեծ Բրիտանիայում էլեկտրամեքենայի արտադրություն սկսել, իսկ Toyota-ն` իր ռեսուրսներն ու տեխնոլոգիաները ներդնել Միացյալ Թագավորությունում և Ֆրանսիայում հիբրիդային մեքենաների արտադրության ոլորտում: Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։










