Երևանի քաղաքապետը պարգևատրել է ուսուցիչներին

19:47 • 04.10.10

Հոկտեմբերի 4-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Ոսուցչի օրվա առթիվ հյուրընկալել էր մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, ուսումնարանների, նախադպրոցական հաստատությունների և հատուկ դպրոցների մանկավարժներին ու վաստակաշատ ուսուցիչներին: Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ` Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ կրթօջախն ու մանկավարժը յուրաքանչյուր մարդու կյանքում երկրորդ ընտանիքի դեր են կատարում:

«Ուզում եմ, որ դուք միշտ ուրախ լինեք, ինչպես, որ յուրաքանչյուր մարդ իր ծնողներին կցանկանա երջանիկ տեսնել: Ամեն երեխայի գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում»,- ասել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետի որոշմամբ, ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության ոլորտում աշակերտների դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, «Երևան» զինանշան հուշամեդալով, պատվոգրերով, շնորհակալագրերով:

Մայրաքաղաքի թիվ 177 դպրոցի դասվար Ռաիսա Ապրեսյանին Երևանի քաղաքապետը պարգևատրել է ոսկե մեդալով:

Հանդիպմանը ներկա կրթօջախներում աշխատող տարեց ուսուցիչներին ու վետերան-մանկավարժներին հանձնվել են նաև դրամական պարգևներ:

79-ամյա Վարդան Գաբրիելյանը, ով Պարույր Սևակի անվան թիվ 123 դպրոցի հիմնադրման օրվանից մինչ օրս` շուրջ 50 տարի ֆիզկուլտուրա է դասավանդում, պարգևատրվել է քաղաքապետի պատվոգրով` ստանալով նաև դրամական պարգև:

Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղեկացմամբ, այսօր հիմնականում պարգևատրման են արժանացել օլմպիադաներում գերազանց արդյունքներ արձանագրած աշակերտների ուսուցիչները:

 

Երևանի քաղաքապետը պարգևատրել է ուսուցիչներին