32 տարի առաջ ծնվեց փորձանոթում բեղմնավորված առաջին երեխան. ժամանակին քարկոծված գիտնականն այսօր Նոբելյան մրցանակ ստացավ
Աշխարհահռչակ բրիտանացի գիտնական Ռոբերտ էդվարդսն այսօր արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում՝ շնորհիվ իր հետազոտությունների, որի արդյունքում 1978թ. ծնվեց փորձանոթի մեջ բեղմնավորված առաջին երեխան։ Այս մասին հայտնում է Reuters–ը։
85–ամյա պրոֆեսորը ստացել է 10 մլն շվեդական կրոն (1,5 մլն դոլար)՝արտարգանդային բեղմնավորման մեթոդի մշակման համար։
Այս մեթոդի շնորհիվ է, որ բազմաթիվ զույգեր, ովքեր տառապում են չբերությամբ, այսօր կարողանում են երեխա ունենալ։
Նա այդ մեթոդի մշակման վրա աշխատել է 1950–ականներից և հաջողության հասել միայն 1978թ.։
Մեթոդի նորարարությունը կայանում է նրանում, որ կնոջ ձվաբջիջը բեղմնավորվում է տղամարդու սերմնահեղուկով ոչ թե օրգանիզմում, այլ անոթի մեջ, դրանից հետո միայն այն տեղադրվում է կնոջ արգանդի մեջ։
Նշենք, որ այս փորձարկումը արժանացավ կրոնական շրջանակների քննադատությանը։ Գիտնականին մեղադրում էին մարդկային կյանքի ստեղծմանը միջամտելու համար։ Շատ գիտնականներ կասկածներ ունեին պտղի լիարժեքության առնչությամբ։ Սակայն ապացուցված է, որ այդ մեթոդով ծնված երեխաները որևէ կերպ չեն տարբերվում արգանդում բեղմնավորված երեխաներից։
Հիշեցնենք, որ ավանդույթի համաձայն, Նոբելյան կոմիտեն առաջինը հրապարակում է ֆիզիոլագիայի և բշժկության ասպարեզում դափնեկրի անունը. իր կտակում այդպես է պահանջել մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելը։
Երեքշաբթի կհայտարավեն ֆիզիկայի և քիմիայի ասպարեզներում դափնեկրերի անունները, հինգշաբթի՝ գրականության ասպարեզում, ուրբաթ՝ խաղաղության ասպարեզում։
109–րդ նոբելյան մրցանակաբաշխությունը կավարտվի հոկտեմբերի 11–ին, այդ օրը հայտնի կդառնա տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը։










