Դեկտեմբերին վաճառքում կհայտնվեն առանց ակնոցների 3D էկրաններ
Toshiba ընկերությունը հայտարարել է, որ լուծել է 3D տնային էկրանների լայնորեն տարածմանը խոչընդոտող միակ խնդիրը: Արդեն դեկտեմբերին Ճապոնիայի խանութներում կհայտնվեն հեռուստացույցներ, որոնք ստերեոսկոպիկ պատկերների ստեղծման համար նախատեսված հատուկ ակնոցներ չեն պահանջում, հայտնում է Financial Times–ը։
Սկզբում ընկերությունը վաճառելու է 12 և 20 դյույմ անկյունագծով էկրաններ ունեցող հեռուստացույցներ։
Նշենք, որ այս տարի տարբեր ընկերություններ առաջարկել են 3D պատկերներով էկրաններ, որոնց համար, սակայն, պահանջվում էին հատուկ ակնոցներ. այդ պատճառով նորամուծությունն այդպես էլ մեծ պահանջարկ չունեցավ, քանի որ նրանք, ովքեր պատրաստ էին գնել 3D հեռուստացույցներ, հրաժարվում էին այդ մտքից ակնոցներով առաջին իսկ տեսադիտումից հետո։ Մինչդեռ iSupply հետազոտական ընկերության գնահատականներով՝ այս տարի 3D էկրանների վաճառքը 4 մլն–ից կարող է հասնել 78 մլն–ի, կամ 2015–ին ՝բոլոր վաճառքների 2/5–ին։
Այդուհանդերձ, Toshiba ընկերությունում խոստովանում են, որ իրենց մշակած տեխնոլոգիան հեռու է կատարելությունից։ Օրինակ, եթե էկրանին ուղիղ նայելիս իրոք հստակ եռաչափ պատկեր է երևում, ապա կողքից նայելիս «ճառագայթները» տարածվում են, և պատկերի «եռաչափությունն» անհետանում է։










