ԳԱԱ ոսկե մեդալ՝ Ադրիաան Վան դեր Մեերին
Հայաստանում գիտության զարգացմանն աջակցելու արժանիքների համար ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործադիր տնօրեն Ադրիաան Վան դեր Մեերին հոկտեմբերի 5-ին շնորհել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալ:
«Ես կցանկանայի արտահայտել իմ սրտալից երախտագիտությունը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնին ոսկե մեդալ շնորհելու կապակցությամբ: Ես ընկալում եմ այն որպես մի շատ հստակ նշան՝ մեր համատեղ ուղին շարունակել այսուհետ նույնպես կողք կողքի՝ աջակցելով միջազգային գիտական նվաճումներին և նորարարական գործընկերություններին: Ես ճանաչում եմ այն մեծ ավանդը, որը ներդրել է Հայաստանը և շարունակելու է ներդնել միջազգային գիտական առաջընթացի գործին՝ ի օգուտ ողջ մարդկությանը»,- իր ելույթում մասնավորապես ասել է Ադրիաան Վան դեր Մեերը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը միջկառավարական կազմակերպություն է, որը հիմնադրել են Եվրամիությունը, Ճապոնիան, Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ն: Ներկայումս Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը ֆինանսավորվում է Նորվեգիայի, Կորեայի Հանրապետության և Կանադայի կողմից:
Հայաստանը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնին միացավ 1994թ., իսկ 1997թ. նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության` Միջազգային գիտատեխնիկական կենտրոնին միանալու մասին որոշումը: Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գիտնականներ և մասնագետներ ավելի շատ ներգրավելու նպատակով ստեղծվեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան տարածաշրջանային բաժանմունք:
Հայաստանում իր գործունեության 15 տարիների ընթացքում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը ֆինանսավորել է 38,6 միլիոն դրամի 162 նախագիծ, այդ թվում` 53 նախագիծ ՀՀ ԳԱԱ-ից: Հայաստանից տրվել են ավելի քան 70 տարբեր կազմակերպությունների 440 առաջարկություներ, որոնք ներառել են գիտության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ֆիզիկան, քիմիան, կենսատեխնոլոգիան, էկոլոգիան, տեղեկատվական և կապի համակարգերը, նյութագիտությունը, սարքաշինությունը, ոչ միջուկային էներգետիկան և այլն: Հայկական նախագծերից ամենանշանակալիցների է «Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում բնական վտանգների ռիսկերի նվազեցման համար գիտական կենտրոնների ցանցի բացում» նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Գառնիի միջազգային կենտրոնը:
Ադրիաան Վան դեր Մեերը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնում սկսել է աշխատել 2008թ. մայիսի 1-ից: Նրա մասնագիտական գործունեությունը վերջին տարիներին կապված է Եվրամիության հետ: Ադրիան Վան դեր Մեերը 1990-1995թթ. Եվրոպական հանձնաժողովի կենսատեխնոլոգիաների գծով համակարգող կոմիտեի քարտուղարն էր: 1995-1999թթ. նա մասնակցել է Եվրամիության և ԱՊՀ երկրների` հատկապես Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: 2002թ. պարոն Վան դեր Մեերն առաջին անգամ դիվանագիտական պաշտոն է զբաղեցրել Կիպրոսում: 2005թ-ից մինչև 2008թ-ն աշխատել է որպես Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ղազախստանում, Ղրղըզստանում և Տաջիկստանում: Հսկողություն է իրականացրել TACIS-ի ծրագրերի, այդ թվում նաև Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջուկային անվտանգության ծրագրերի կատարման նկատմամբ:










