Համաշխարհային օվկիանոսում բնակվում է 100 անգամ ավելի շատ միկրոօրգանիզմ, քան ենթադրվում էր
Գիտնականներն ավարտել են «Ծովային կյանքի հաշվառում» լայնամասշտաբ նախագիծը, որի վրա աշխատել են 10 տարի։ Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է ծովային օրգանիզմների ավելի քան 6000 նոր տեսակ։ Ուսումնասիրության արդյունքները հակիրճ ներկայացրել է Agence France-Presse–ը։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 2700 մասնագետ՝ տարբեր երկրների 670 գիտական հաստատություններից։ Մասնագետներն իրականացրել են 540 արշավ և ջրում անցկացրել են ընդհանուր առմամբ ավելի քան 9000 օր։ Նախագծի իրականացման համար ներդրվել է մոտ 650 մլն դոլար։
Գիտնականները տեղեկություն են հավաքել նաև օվկիանոսների արդեն հայտնի բնակիչների մասին։ Նրանք պարզել են, որ նախկինում հազվագյուտ համարվող բազմաթիվ էակներ բավական տարածված են։ Բացի այդ, պարզ է դարձել, որ Համաշխարհային օվկիանոսում բնակվում է 100 անգամ ավելի շատ միկրոօրգանիզմ, քան ենթադրվում էր նախկինում։ Նոր գնահատականների համաձայն՝ ջրային միկրոօրգանիզմները «պատասխանատու են» օվկիանոսային բիոզանգվածի ավելի քան 90%–ի համար։
Նախագծում ներգրավված գիտնականները գնահատել են, թե օվկիանոսային տեսակների որ մասը դեռևս հանտնաբերված չէ։ Այսպես՝ եվրոպական ծովերում այն կազմում է 10%, հարավաֆրիկյանում՝ 38%, անտարկտիդյանում՝ 39–58%, Միջերկրական ծովի խորը ջրերում ՝ մոտ 75%, իսկ Ավստրալիայի ջրերում՝ 80%։ Ընդ որում, օվկիանոսային ջրերի ընդհանուր ծավալի մոտ 20%-ի բնակիչների մասին մասնագետներն ընդհանրապես տեղեկություն չունեն։










