Յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը նույնացվում են. կրթության նախարարը շնորհավորել է ուսուցիչներին

10:47 • 05.10.10

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է ուսուցիչներին իրենց մասնագիտականտոնի առթիվ.

«Սիրելի ուսուցիչներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն ցանկությունները մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ:

Մեծ է Ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում և դա է պատճառը նաև, որ յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը նույնացվում են: Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը` Դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյունը և, անկախ տարիքից, սոցիալական, հասարակական դիրքից ու կարգավիճակից, Ձեր ներկայությամբ բոլորն իրենց զգում են որպես աշակերտ:

Սիրելի ուսուցիչներ,

Մեր պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում հավասարաչափ կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը, լինի այն սահմանամերձ փոքրիկ գյուղի, մայրաքաղաքի, թե Սփյուռքի կիրակնօրյա հայկական դպրոցում: Ձեր անձնական օրինակով ու նվիրումով է ուրվագծվում 21-րդ դարի հայ մարդու նկարագիրը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ նորանոր հաջողություններ այս պատասխանատու և կարևոր գործում»:

 

Յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը նույնացվում են. կրթության նախարարը շնորհավորել է ուսուցիչներին