Վատիկանը քննադատում է արտաարգանդային բեղմնավորման մեթոդի հեղինակին Նոբելյան մրցանակ շնորհելու որոշումը
Կյանքի պաշտպանության Պապի ակադեմիայի նախագահ Իգնասիո Կառասկո դե Պաուլան քննադատության է ենթարկել բժշկության ոլորտում 2010թ. բրիտանացի էմբրիոլոգ Ռոբերտ Էդվարդսին մրցանակ շնորհելու մասին Նոբելյան հանձնաժողովի որոշումը։ Գիտնականը ճանաչում է ձեռք բերել արտաարգանդային բեղմնավորման մեթոդի մշակման շնորհիվ։
Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, իսպանացի հոգևորականը հայտարարել է, որ առանց Էդվարդսի մեթոդի հայտնագործման հնարավոր կլիներ խուսափել բազմաթիվ մահերից դեռ էմբրիոնային փուլում։ Կառասկո դե Պաուլայի խոսքով՝ էմբրիոնները ոչ միշտ է հաջողվում բարեհաջող փոխադրել արգանդի մեջ։ Վատիկանը արհեստական բեղմնավորումը համարում է «բարոյական հանցագործություն»։
Նշենք, որ Էդվարդսի ստեղծած մեթոդը թույլ է տալիս անպտղությամբ տառապող ամուսնական զույգերին երեխա ունենալ։ Բրիտանացի գիտնականը մարդու բեղմնավորման գործընթացի հետազոտության վրա աշխատանքն սկսել է անցյալ դարի 1950-ականների սկզբին։ 1968թ. նրան հաջողվել է բեղմնավորել մարդու ձվաբջիջը լաբորատոր պայմաններում։
1978թ. Էդվարդսը գինեկոլոգ Պատրիկ Ստեպտոուի հետ համատեղ կատարել է արհեստական բեղմնավորման առաջին հաջողված գործողությունը։ 1978թ. հուլիսի 25-ին «փորձանոթից» ծնված առաջին աղջիկը՝ Լուիզ Ջոյ Բրաունը, մի քանի տարի առաջ նշեց իր 30-ամյակը։










