Վրաստանի պատրիարքը՝ ընդդեմ Սաակաշվիլիի. արևմտյան կրթությունը կարող է կործանել վրացիների ինքնությունը

14:56 • 06.10.10

Վրաց եկեղեցու առաջնորդը հայտարարել է, որ արտասահմանում ուսում ստանալը կարող է վնասակար լինել վրացի երեխաների համար։ Իլյա 2-րդի այս հայտարարությունը շատերը Վրաստանում ընդունել են որպես քննադատություն Վրաստանի արևմտամետ իշխանության հասցեին։ Այս մասին գրում է bbcrussian.com-ը։

«Վրացիներն ուղարկում են իրենց երեխաներին, մանկահասակ երեխաներին՝ սովորելու արտասահմանում։ Մարդը դեռ չի հասունացել հոգևոր, մշակութային առումով, և գնում է բոլորովին օտար երկիր։ Դա շատ դեպքերում երեխային կվնասի»,- ասել է Վրաց պատրիարք Իլյա 2-րդը կիրակնօրյա քարոզի ժամանակ՝ խոսելով Վրաստանի բնակչության արտագաղթի խնդրի մասին։ Ըստ նրա՝ վրացիների համարյա կեսը արտասահմանում է, և վստահություն չկա, որ մեկնածները հայրենիք կվերադառնան։
«Մի կտոր հացի համար մարդ չպետք է լքի Վրաստանը՝ իր հայրենիքը։ Նման մարդը ավելի շատ կորցնում է, քան ձեռք բերում»,- ասել է պատրիարքը։

Արտերկրի համալսարաններում սովորող վրացի ուսանողները խոստովանում են, որ չեն ցանկանում հայրենիք վերադառնալ, համենայն դեպս՝ առաջիկա տարիներին։ Նրանք նշում են, որ գիտելիքն իրենց միակ ձեռքբերումը չէ արևմուտքում. փոխվել է նաև նրանց վերաբերմունքը կյանքի և կրոնի նկատմամբ։

«Այստեղ մարդիկ ջանում են լիբերալ լինել, լինել ավելի հանդուրժող և ազատ իրենք մտքերում։ Ես աթեիստ չեմ, Վրաստանում նույնպես հոգևոր կյանք էի վարում։ Բայց դրա համար պետք է հավատացյալների միջավայր, իսկ այստեղ նման բան չկա։ Մենք սովորում ենք ամբողջ աշխարհից հավաքված մարդկանց հետ և եթե խոսում ենք կրոնի մասին, ապա դա բանավեճ է։ Վրաստանում մենք հեռու ենք այդ ամենից»,- BBC–ին ասել է Հոլանդիայում սովորող վրացի ուսանողուհին։

Ըստ փորձագետների՝ Վրաստանի բնակչության բացարձակ մեծամասնության վստահությունը վայելող պատրիարքի հայտարարությունը դժվար թե սառեցնի արևմտյան կրթություն ստանալու ձգտումը, որը վրացիների զգալի մասը համարում է հաջողված կարիերայի հիմք։ Ի դեպ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես արևմտյան կրթություն ունի։
Քաղաքագետ Ռամզան Սակվարելիձեն կարծում է, որ պատրիարքի հայտարարությունը արտացոլում է վրացական հասարակության տրամադրությունները։ Ոմանք մտավախություն ունեն, որ Վրաստանի երիտասարդությունը կկորցնի մշակութային ինքնությունը։
Ըստ նրա՝ մեկնողները կարող են Վրաստան վերադառնալ որպես ոչ միայն հոգևոր, այլև մշակութային առումով այլ երկրի քաղաքացիներ։

Վրացի սոցիոլոգ Էմզար Ջգերենիան կարծում է, որ Իլյա Երկրորդի հայտարարությունը քսենոֆոբիայի դրսևորում է, որով տառապում է ուղղափառ եկեղեցին։

«Ուղղափառ եկեղեցին՝ և վրացական, և ռուսական, վախենում են Արևմուտքից և կարծում են, որ Արևմուտքից է գալիս չարիքը, որը կարող է կործանել ազգային ինքնությունը»,- ասում է սոցիոլոգը։

Վրաստանի պատրիարքը՝ ընդդեմ Սաակաշվիլիի. արևմտյան կրթությունը կարող է կործանել վրացիների ինքնությունը