Ուկրաինացի հաքերները 40 մլն դոլար են գողացել ԱՄՆ–ի և Եվրոպայի քաղաքացիների հաշիվներից

11:44 • 06.10.10

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը չեզոքացրել է միջազգային հանցավոր խմբավորման ուկրաինական բջիջի գործունեությունը, որը մոտ մեկ տարվա ընթացքում ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի քաղաքացիների հաշիվներից գողացել է ավելի քան 40 մլն դոլար։

Գործողությունն իրականացվել է սեպտեմբերի 29–ից հոկտեմբերի 2–ը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների իրավապահ մարմինների մասնակցությամբ։
Խմբավորման կազմում եղել է Ուկրաինայի տարբեր շրջաններից մոտ 20 մարդ, որոնցից 5–ը ձերբակալվել է։
Ուկրաինայի ԱԾ–ի համաձայն՝ հանցագործները վնասակար վիրուսներով (ինչպես օրինակ «Զևսը») հարձակումներ են կատարել իրենց համակարգչային զոհերի վրա՝ գողանալով անձնական ծածկագրերը և գողացված գումարները փոխանցել ուկրաինական բանկերի իրենց հաշիվներին։

Հանցագործության մասնակիցների մոտ հայտնաբերվել է մոտ 100 հազար դոլար արժողությամբ գերհզոր սարքավորում, որն ուղարկվել է փորձաքննության։ Հայտնաբերվել են նաև դրամական միջոցներ, թանկարժեք իրեր և զարդեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ դատախազությունը մեղադրանք էր ներկայացրել ՌԴ 25 քաղաքացիների՝ ԱՄՆ քաղաքացիներից համակարգչային վիրուսի օգնությամբ ավելի քան 3 մլն դոլար յուրացնելու համար։ Այս մասին գրում է Корреспондент-ը։

Ուկրաինացի հաքերները 40 մլն դոլար են գողացել ԱՄՆ–ի և Եվրոպայի քաղաքացիների հաշիվներից