Ցյուրիխի թանգարանում ցուցադրվում է Բեռլուսկոնիի փորի ճարպից պատրաստված օճառ
Յյուրիխի ժամանակակից արվեստների Միգրոս թանգարանում բացվել է ցուցահանդես, որի ցուցանմուշներից մեկն առանձնանում է իր ստեղծման պատմությամբ։
Նկարիչ Ջանի Մոթին պատմել է, որ օճառի կտորը, որն այցելուներին ցուցադրվել է «Մաքուր ձեռքեր» անունով, պատրաստված է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ճարպից։ Այս մասին հայտնում է Agence France-Presse–ը։
«Մաքուր ձեռքերի» հեղինակի խոսքով՝ Բեռլուսկոնիի ճարպն իրեն է փոխանցել շվեյցարական բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկը՝ վստահեցնելով, որ Իտալիայի վարչապետն իրենց հիվանդանոցում լիպոսաքցիա է արել։ Նկարիչը որոշել է, որ «այդպիսի գանձը» ոչ մի դեպքում չի կարելի նետել և վերածել է այն օճառի։
Բժշկական կենտրոնում, սակայն, հերքում են, որ որևէ մեկը կարող էր ձեռք բերել «բարձրաստիճան» ճարպը, առավել ևս՝ օտար մարդու փոխանցել։ Ինչևէ, օճառը ցուցահանդեսում է, և ամեն օր բազմաթիվ այցելուներ են գալիս տեսնելու այն։
Ի դեպ, «Մաքուր ձեռքեր» անունը պատահական չէ ընտրված։ 1990–ականներին Իտալիայում քաղաքական կոռուպցիայի դեմ լայնածավալ գործողություն անցկացվեց, կասկածյալների թվում էր նաև Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։










