Սրանով 5-6 աղջիկ եմ փախցրել ընկերներիս համար. Երևանում ցուցադրվեցին ռետրո ոճի մեքենաներ (լուսանկարներ, տեսանյութ)
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակներում երեկ Երևանի Ֆրանսիական հրապարակում ռետրո ոճի ավտոմեքենաների ցուցադրություն էր կազմակերպվել: Ֆրանսիայի հրապարակում հնաոճ մեքենաների տերերը, հպարտորեն կանգնած իրենց մեքենաների մոտ, հետևում էին դրանց հետաքրքրությամբ նայող մարդկանց:
Tert.am-ի թղթակիցը զրուցեց ռետրո ոճի մեքենաներից «Զիմ 12» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ հետ, որն իր մեքենայի հետ կապված բավական հետաքրքիր պատմություններ հիշեց։
«1957թ. ա արտադրվել, 1967-ից իմ մոտ ա, իմ մեքենան ա»,- հպարտությամբ պատմեց «Զիմ 12-ի» տերը` Միշա Խաչատրյանը. «43 տարի ա՝ իմն է, պատկերացնո՞ւմ եք, մի ամբողջ կյանք, ոնց որ երեխաս»։
Վարպետ Միշան չի պատրաստվում վաճառել իր մեքենան կամ, ինչպես ասում է, «իր միլիոնը», բայց կատակի համար մերթընդմերթ իրեն մոտեցող երիտասարդ տղաների հարցին, թե որքանո՞վ է վաճառվում մեքենան, վարպետ Միշան պատասխանում է, «70 հազար դոլար, եթե էդքան կտաս, կտամ»:
«Էդ թվերին սիրած ունեի, բայց հավատացեք, իրան էդքան չեմ փայփայել, ինչքան էս մեքենաս»,- ասաց նա։
Մեր հարցին, թե ի՞նչ հայտնի մարդիկ են նստել իր մեքենան, վարպետ Միշան պատասխանեց, թե «էնքան մարդ են նստել, տենց չեմ կարա հիշեմ»: Փոխարենը նա հիշում է, թե երիտասարդական ինչ խենթություններ է արել իր մեքենայով:
«Սրանով 5-6 աղջիկ եմ փախցրել ընկերներիս համար»,- ասաց նա ու ավելացրեց. «Չհաշված էն 50-60 հարսները, որ բերել ա էս մեքենան»:
Նախկինում փառքի պահեր պարգևած մեքենան այժմ միայն ծառայում է որպես ապրուստի միջոց: «Ժամավճար տան, կտամ, կտանեմ, ման կտամ»,- ասաց վարորդ Միշան: Հա`մեկ-մեկ էլ մեքենան, վարպետ Միշայի խոսքով, «որպես հնություն» դուրս է գալիս ցուցադրության:
















