Ինչո՞ւ են մարդկանց ավելի շատ կծում տեր ունեցող շները

17:38 • 13.10.10

Մարդը, ով սկսում է շուն պահել, պետք է պատասխանատվության զգացում ունենա, որպեսզի հետագայում այդ շունը չհայտնվի փողոցում։ Բայց առաջին հերթին շուն պահելը պետք է կարգավորվի օրենսդրությամբ, որպեսզի հետագայում կենդանու իրավունքները չոտնահարվեն։ Այս մասին այսօր կազմակերպված «Մարդիկ և շները։ Ումի՞ց և ինչպե՞ս պաշտպանել մեր ընտանի կենդանիներին» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ ասաց էթոլոգ, ընտանի կենդանիների մասին հոդվածների հեղինակ Անդրեյ Նեուրոնովը։

Ըստ նրա՝ շների բնավորության ձևավորման հարցում մեծ է տիրոջ դերը։ Այն բանի համար, թե ինչպես է դաստիարակվել շունը, և ինչպես է նա իրեն դրսևորում փողոցում, պետք է պատասխանատվություն կրի միայն շան տերը։ «Որքան էլ տարօրինակ է, սակայն հիմնականում մարդկանց կծում են ոչ թե անտուն, այլ տեր ունեցող շները։ Անտեր շները հիմնականում հսկում են ինչ-որ տարածքներ, շինություններ, օրինակ՝ ավտոտնակներ։ Հենց նրանք ստանձնում են պահապանի դեր, ընդունակ են կծել իրենց տարածքներում հայտնված մարդկանց։ Սակայն փողոցի շները չեն կծում»,- ընդգծեց Նեուրոնովը։ Նրա տեղեկացմամբ՝ Ռուսաստանում շուրջ 25 հազար անտուն շուն կա։

«Փրկենք կենդանիներին» բարեգործակական ՀԿ նախագահ Նունե Մեհրաբյանը, ով 7 տարի է՝ զբաղվում է շներին կացարանով ապահովելով և նրանց խնամքով, ռուս և վրացի գործընկերներին տեղեկացրեց, որ Հայաստանում թափառող շների թիվը կրճատելու միակ ընդունված տարբերակը կենդանիներին կրակելով սպանելն է։ Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ շները մարդկանց կողմից սիրալիր վերաբերմունքի են արժանանում, Հայաստանում թափառող շունն անպետք շուն է համարվում։ «Հայաստանում չկա նաև շների վերաբերյալ օրենսդրական դաշտ, ցանկացած մարդ կարող է շուն պահել, հետո նրան փողոց գցել»,- ընդգծեց Մեհրաբյանը՝ հավելելով, որ թափառող շների համար նախատեսված պետական կացարան նույնպես Հայաստանում չկա։

Pro Paws բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Նարե Արամյանն էլ ընդգծեց, որ Հայաստանում թափառող շների թիվը պարզելու համար որևէ հետազոտություն դեռ չի կատարվել։ Ըստ նրա, Երևանում դեռ չեն գրանցվել շների կատաղության կամ դրանց կողմից մարդկանց վրա հարձակվելու աղմկահարույց դեպքեր։ «Շները մարդկանց վրա հարձակվում են հիմնականում այն դեպքերում, երբ մարդիկ առաջինն են ինչ-որ գործողություններ կատարում, գոռում, փախչում, շանը քարերով հարվածում և այլն։ Պետք է հասարակության հետ աշխատանքներ տանել, որպեսզի շների հետ ճիշտ վարվելակերպ որդեգրվի»,- ասաց բանախոսը։ Նրա խոսքով՝ շների ստերիլիզացումը միակ և ամենաարդյունավետ մեթոդն է դրանց բազմացումը կանխելու համար։ Այնինչ, շների համար կացարանների կառուցմանը պետք է մեծ գումարներ ուղղվեն։

Վրացի գործընկերներն էլ շտապեցին տեղեկացնել, որ իրենց երկրում շների համար գործում են մի քանի մասնավոր, մինչև տարեվերջ էլ կբացվի պետական կացարան։

Տեսակամուրջի ընթացքում ռուսական կողմը ցուցադրեց նաև թափառող շների և դրանց նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերող մարդկանց մասին պատմող տեսանյութեր։ Ռուսական կողմը կարևորում է այն գաղափարը, որ մարդիկ պետք է պահելու համար ճիշտ շներ ընտրեն։ Նրանք հիշեցրին, որ որսորդական շանը տանը պահել պետք չէ, մեծ շներն ընդամենը տունը հսկելու համար են։ Իսկ ինչ վերաբերում է փոքրիկ շներին, ապա դրանք միայն կարող են մարդուն ընկերակցել։ Անդրեյ Նեուրոնովի խոսքով՝ շատ հաճախ, շփոթելով շների դերերը և տեսնելով, որ այդ կենդանիները չեն արդարացնում իրենց հույսերը, մարդիկ նրանց պարզապես փողոց են շպրտում։

Ինչո՞ւ են մարդկանց ավելի շատ կծում տեր ունեցող շները