Հայաստանը աշխարհում երկրորդ երկիրն է, ուր ներդրվել է HD ձայնային ծրագիրը. «Ֆրանս Տելեկոմի» փոխնախագահ

14:28 • 14.10.10

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Ֆրանս Տելեկոմ» ընկերության փոխնախագահ, «Օրանժ» տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդիին և «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Բրունո Դյութուային: Նախարարը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրին Հայաստան այցելելու ու նոր ծառայություններ ներդնելու համար: Մ.Վարդանյանը գոհունակություն է հայտնել նաև «Օրանժ Արմենիա» ընկերության կատարած աշխատանքների համար և նշել, որ դա նաև մրցակցության արդյունք է:

Ի.Տիրոդին, կարևորելով նորարարությունների ներդնումը Հայաստանում տեղեկացրել է, որ այսօր Երևանում կբացվի «Օրանժ էքսպո» ցուցահանես, որտեղ կներկայացվեն «Օրանժ» տեխնոկենտրոնի նորարար նմուշները:
«Ֆրանս Տելեկոմ» ընկերության փոխնախագահը հայտնել է, որ Հայաստանը աշխարհում երկրորդ երկիրն է, ուր ներդրվել է HD ձայնային ծրագիրը: Ի.Տիրոդին տեղեկացրել է նաև, որ առաջիկա երեք տարիներին Երևանի պետական համալսարանի և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանների ուսանողների համար կհայտարարվի մրցույթ` նորարարական մրցանակի համար, և հաղթողը 6 ամիս կաշխատի «Օրանժ»-ի լաբորատորիաներում:

Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, նախարարն առաջարկել է «Օրանժ Արմենիայի» գործունեությունն ավելի հրապարակային դարձնել, որ հասարակությունը լիրաժեք տեղեկանա նորարարություններին, գործող ծառայությունների սակագներին, ինչպես նաև ընկերությունում գոյություն ունեցող խնդիրները ներկայացնել և համատեղ քննարկել, որպեսզի դրանց լուծման տարբերակներն ավելի արդյունավետ լինեն:

 

Հայաստանը աշխարհում երկրորդ երկիրն է, ուր ներդրվել է HD ձայնային ծրագիրը. «Ֆրանս Տելեկոմի» փոխնախագահ